Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները ներխուժեցին դատարանի դահլիճ


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննում է ղարաբաղյան պատերազմի վետերան, խարդախության կասկածանքով կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի բողոքը։ Ավետիսյանը բողոքարկում է առաջին ատյանի որոշումը, որով մերժվեց գրավով նրան ազատ արձակել։

Դատարանի դիմաց պաստառներով մի քանի տասնյակ ազատամարտիկներ էին հավաքվել, որոնք ընդդիմանալով դռնփակ նիստ անցկացնելու որոշմանը և դատական կարգադրիչների արգելքին, ներխուժեցին դատարանի դահլիճ՝ իրենց մարտական ընկերոջը սատարելու համար։

Դատարանում իրարանցում սկսվեց, և միայն Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի խնդրանքին անսալով, ազատամարտիկները դուրս եկան դատարանի դահլիճից։

Նրանք հայտարարում են, որ դատարանից արդար որոշում են ակնալում, եթե՝ ոչ, հարցերն իրենց ձևով կլուծեն, չհստակեցնելով, թե ինչ նկատի ունեն։

Հիշեցնենք, Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով հիշյալ քաղաքացուց 2000 դոլար հափշտակելու մեջ: Պահեստազորի գնդապետը իր մեղադրանքը «շինծու» է որակել՝ հայտարարելով, որ իշխանությունները իր դեմ քաղաքական հետապնդում են սկսել։

Այս տարվա մայիսին, հիշեցնենք, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա համախոհները՝ բազմաթիվ այլ ազատամարտիկներ, Երևանի Ազատության հրապարակում նախաձեռնեցին բողոքի ակցիաներ՝ պահանջելով իշխանություններից բարելավել ազատամարտիկների, պահեստազորի զինվորականների սոցիալական պայմանները։

Դատարանը այսօր Ավետիսյանի բողոքի վերաբերյալ որոշում չկայացրեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին։ Ազատամարտիկները հայտարարում են, որ շարունակելու են պայքարը։

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG