Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 10-ի մամուլ


«Առավոտ»-ը զրուցել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հետ: Հարցին, թե ինչ փոխվեց մեկ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում կամ գուցե աշխարհաքաղաքական գործընթացներում, որ ՌԴ-ն ստիպեց Հայաստանին նման հապշտապ որոշում կայացնել, Գլազևը, մասնավորապես, պատասխանել է. - «Ռուսաստանը չի ստիպում, Ռուսաստանը համագործակցում է Հայաստանի հետ: Գործնականում ողջ նորագույն պատմության ընթացքում երկարաժամկետ և կայուն ստրատեգիական համագործակցության առումով որևէ մտավախություններ կամ մտահոգություններ չեն եղել: Խնդիրն այդ հարաբերությունների ձևակերպումների մեջ է... Եվս մեկ լրացուցիչ ֆակտոր հանդիսացան Եվրամիության կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները` ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման նպատակով: Հայաստանին առաջարկվում էր գործնականում դառնալ ԵՄ-ի վագոն` դիսկրիմինացիոն պայմաններով, ինչպես Ուկրաինայի պարագայում է, որոշումներ ընդունելու բոլոր իրավունքները Բրյուսելին տալով և այնուհետ պարզապես իրականացնել Բրյուսելի հրահանգները` ընդդեմ այն ֆունկցիաների, որոնք մենք տվել ենք Մաքսային միությանը»: Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում հակառակ քննադատություն է հնչել. այն է`որ անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կորցնում է իր սուվերենություն, ՌԴ նախագահի խորհրդականը պատասխանել է. - «Նման խոսակցություններ սովորաբար տանում են մարդիկ, ովքեր ցանկանում են համապատասխան երկրին քարշ տալ Եվրամիություն»:

«Հրապարակ»-ն անդրադարձել է Եվրախորհրդարանի որոշմանը, որով հավանություն տրվեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերին. - «Սա մի կողմից ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ Արևմուտքը դեմոկրատիայի, հումանիզմի, խրախուսման սկզբունքներով է առաջնորդվում, և եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունի` եթե, իհարկե, մենք էլ ենք ուզում քաղաքակիրթ ու արժանավայել կյանքով ապրել: Մյուս կողմից, որքան էլ ցավալի է, հաստատում է կատարված ընտրության՝ Մաքսային մտնելու մանրակրկիտ հաշվարկված լինելը. չէ՞ որ սովորաբար նրանից, ով պատժամիջոցներ չի կիրառում, չեն վախենում, ուստի, ինչպես արվեց այս դեպքում, ընտրեցինք հենց նրան, ով կարող է պատժել, խանգարել, վնասել ու խոչընդոտել»:

«168 ժամ»-ը գրում է. - «ՀՅԴ-ում որոշել են իշխանափոխություն անել ոչ թե դրսից, այլ ներսից. մտնել իշխանության մեջ և փոխել իշխանության էությունը: Իշխանության մեջ մտնելու ՀՅԴ հերթական քայլը տեղի կունենա այսօր. կուսակցության համասնական ցուցակի 8-րդ համարը՝ Արամայիս Գրիգորյանը, պաշտոնապես կնշանակվի Արարատի մարզպետ: ՀՅԴ-ն կարող էր իշխանության մեջ մտնել` կոալիցիա կազմելով, բայց ՀՅԴ-ին մի քանի պաշտոն տալու համար նպատակահարմար չի համարվել նոր կոալիցիա ստեղծել, նոր թուղթ ստորագրել: Բացի այդ, ՀՅԴ-ն շատ սկզբունքային կուսակցություն է. քանի դեռ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգում են, ՀՅԴ-ն չի կարող կոալիցիա մտնել: Իսկ այսպես անաղմուկ պաշտոններ ստանալուն և ներսից իշխանափոխություն անելուն դեմ չէ»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով ֆինանսների նախարարության հրապարակած՝ այս տարվա առաջին ութ ամիսների բյուջեի կատարողականին, որը վերնագրված է՝ «Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով», գրում է․ - «Իսկ դա նշանակում է, որ պետական բյուջեն ավելի քիչ ծախսեր է անում, քան եկամուտ է ստանում, ու կառավարության մոտ առաջանում է ավելորդ փող՝ «հավելուրդ»: Լավ է դա, թե վատ, որ կառավարությունը ավելորդ փող ունի, առանձին քննարկման հարց է: Բայց այստեղ կա մի ուրիշ հանգամանք: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, այդ հավելուրդը հսկայական է՝ ավելի քան 62 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս տարվա միայն 8 ամիսների ընթացքում կառավարությունը կարողացել է խնայել այդքան փող: Կառավարությունը հաջորդ տարվա հուլիսից պետք է բարձրացնի բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բյուջետային հիմնարկների աշխատողներին ավելի բարձր աշխատավարձ վճարելու համար կպահանջվի լրացուցիչ 36․6 միլիարդ դրամ: Իսկ կառավարությունը միայն այս տարվա 8 ամիսներին կարողացել է «ետ գցել» ավելի քան 62 միլիարդ դրամ»: «Բացառված չէ, որ 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «անսպասելի» որոշում կայացվի, որ աշխատավարձերը պետք է բարձրանան ոչ թե 2014 թվականի հուլիսի 1-ից, այլ հենց տարեսկզբից: Սա, իհարկե, կարվի զուտ քարոզչական նկատառումներով՝ մարդիկ պատրաստվել էին, որ իրենց աշխատավարձերը կբարձրանան հուլիսից, այնինչ դա տեղի է ունենում 6 ամիս շուտ: Բոլորը ուրախ են ու երջանիկ: Եվ իհարկե, այդ ներկայացման սցենարի «կարմիր թելը» կլինի այն, որ կառավարությունը կատարել է մեծն Սերժ Սարգսյանի հրահանգը՝ աշխատավարձերը հունվարի 1-ից ավելացնելու վերաբերյալ», - ամփոփում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG