Մատչելիության հղումներ

էկոլոգիապես մաքուր արտադրանքը «թեև ավելի թանկ է, բայց պահանջարկ ունի»


«Green Day»-ը Երևանում թերևս միակ խանութն է, որտեղ վաճառվում են միայն օրգանկան, էկոլոգիապես մաքուր սննդամթերք ու տնտեսական ապրանքներ։

Խանութի վաճառքի գծով մասնագետ Շուշան Արաբաջյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում է, որ խանութի ապրանքների մոտ 90 տոկոսը ներկրվում է արտասահմանից։ Ցավով նշում է, որ ոլորտում քիչ են տեղական արտադրողները, խնդիրն էլ պատճառաբանում է այսպես. - «Շուկան փոքր է, մարդիկ տեղեկացված չեն օրգանիկի կարևորության մասին, այդ պատճառով պահանջարկը դեռ քիչ է, քանի որ գներն էլ բարձր են ֆինանսական խնդիրներ են առաջանում այդ պատճառով էլ արտադրողները չեն ձգտում մինչև վերջ գնալ սերտեֆիկատ ստանալ»։

«էկոլոգիապես մաքուր արտադրանքը թեև ավելի թանկ է, բայց դրա պահանջարկն այնուամենայնիվ կա», - նշում է քաղաքացիներից մեկն ու հավելում, որ կուզենար վստահ լինել, որ թանկ է վճարում իսկապես բնական մթերքի համար. - «Միս ես առնում, պանիր ես առնում ու դու առանձնապես չգիտես մեջն ինչ կա, որակի մասին տեղեկություններ չունես։ Դա մենակ վերամշակված արտադրանքը չի, թեկուզ, եթե դուք շուկայից լոլիկ եք առնում, դուք չգիտեք տռասայի կողքից է առված, ծանր մետաղները մեջն են, թե մաքուր տեղից է առնված։ Այ այդ ստանդարտները որ լինեն, մենք էլ ավելի ընտրության հնարավորություն կունենանք»։

Խանութներում էկոլոգիապես մաքուր ապրանք փնտրողները խոստովանում են, որ կնախընտրեին գնել տեղական արտադրանքը, բայց, ցավոք, չեն վստահում ո'չ «Բիո» մակնշմանը, ո'չ էլ պարունակությունն ու թարմությունը հավաստող պիտակին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Հայկ Վարդանյանի հավաստմամբ` վերջին շրջանում շատերն են ուզում իրենց ապրանքատեսակները կնքել «Էկո», «Բիո» անուններով ու ավելի թանկ գին սահմանել։ Սակայն ոչ բոլոր դեպքերում է գրածը իրականությանը համապատասխանում։

Օրեր առաջ Հանձնաժողովն առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրութուն է իրականացրել «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մթերքների շուկայում։ Պարզվել է, որ նման անվանումներն ընդամենը սպառողին մոլորեցնելու միտում են ունեցել։

«Ուսումնասիրության արդյունքում պարզվեց հետևյալը, որ շատ դեպքերում դա իրականությանը չի համապատասխանում և այդպիսի անվանումների, արտահայտությունների օգտագործումը շատ ժամանակ ձևական բնույթ է կրում և այն տնտեսվարողները, որոնք այսպիսի արարք են թույլ տվել մեր հանձնաժողովի կողմից նրանց արարքը որակվեց որպես անբարեխիղճ մրցակցության գործունեություն», - նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Ու թեև հանձնաժողովի մակարդակով հայտարարվեց, որ 8 ընկերություններ ըստ էության խաբել են գնորդներին, այդուամենայնիվ, նրանց նկատմամբ որևէ տույժ-տուգանք չկիրառվեց՝ պատճառաբանելով, թե սա առաջին դեպքն է, և տնտեսավորղներն իբր տեղյակ չեն եղել օրենքի պահանջներին։

Նշեմ, որ օրենքը պահանջում է «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» բառերը պիտակում օգտագործել միայն այն դեպքում, եթե տնտեսվարողն ունի համապատասխան սերտեֆիկատ, որը կապացուցի, որ սնունդն իսկապես բնական է. հողը, որտեղ աճեցվել է նախնական բերքը գոնե երկու տարի թունաքիմիկատներով մշակված չէ, հեռու է հանքավայրերից, պոչամբարներից, աճեցված է առանց հանքային պարարտանյութերի, արդեն պատրաստի սնունդում չկան արհեստական տարրեր ու պիտանելիության ժամկետը երկարաձգող նյութեր։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանում օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման «Էկոգլոբ» ընկերության տնօրեն Նունե Դարբինյանը, մեր երկրում կան մոտ 320 հազար մանր ֆերմերային տնտեսություններ, որոնցից շատերն են փորձում ու ձգտում իրենց այգու մթերքն ու արտադրանքը որպես «Բիո», «Օրգանական» ներկայացնել, սակայն, ընդամենը դրանցից 50-ն են տարին մեկ փորձաքննություն անցնում և համապատասխան սերտեֆիկատ ստանում։

«Սկզբունքորեն սա գյուղատնտեսության մեջ պետական քաղաքականության հարց պետք է լինի։ Եթե մենք կարծում ենք, որ մեր երկիրն ունի հեռանկարներ շուկայում կամ ներքին ռեսուրսներ ունի դրա համար, իսկ մեր երկիրն ունի դա, ապա պետք է լինի ավելի նպատակային՝ և' աջակցություն այդ ֆերմերներին, և' կազմակերպման միջոցներ, և' ուսուցում, և' գուցե նաև սուբսիդավորում ու այլն՝ ավելի արտոնյալ պայմանների ստեղծում։ Իսկ սպառողը, երբ խանութում վերցնում է նման մակնշումով արտադրանք, պետք է շուռ տա և տեսնի` ով է սերտեֆիկացրել: Եթե սերտեֆիկացնող մարմնի անունը չկա, ուրեմն դա կեղծ հայտարարություն է, և դա օրենքի խախտում է», - հավելեց Դարբինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG