Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 4-ի մամուլ


«Ժողովուրդ»-ը մեկնաբանում է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի` երեկ Երևանում ներկայացրած պարզաբանումը, թե` առայսօր հստակեցված չէ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղակայելու հարցը: «Այսպիսով ստացվում է, որ Հայաստանի համար ամենակարևոր հարցի շուրջ առայժմ որևէ պայմանավորվածություն չկա: Ճիշտ է, այս կապակցությամբ դեռևս սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հորդորեց լռություն պահպանել` նշելով, թե խնդիրը կարգավորված է դե ֆակտո, և այդ մասին հարկ եղածից շատ խոսելով միայն կվտանգվի գործընթացը: Սակայն, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վարած իրավիճակային արտաքին քաղաքականությունը, կարծում ենք առաջին հերթին հենց ղարաբաղցիներին պետք է հուզեր այս հարցը: Քանի որ մի բան է փաստաթղթային մակարդակով համաձայնեցված հարցը, որի վերաբերյալ արվում են հրապարակային հայտարարություններ, մեկ այլ բան` դե ֆակտո, ընդամենը «ազնիվ խոսքի» վրա հիմնված պայմանավորվածությունները: Փորձը ցույց է տվել, որ այդպիսիք Ռուսաստանը երբեք չի հարգում: Դե իսկ Սերժ Սարգսյանի դեպքում էլ, ինչպես համոզվեցինք Եվրոպայի հետ չորս տարի տևած բանակցությունների անփառունակ հանգուցալուծումից, մի փոքրիկ ճնշումը ավելի քան բավարար կլինի: Հետևաբար ստացվում է, որ այսօր Հայաստանը պատրաստվում է մտնել Մաքսային միության` առանց Ղարաբաղի հարցում որևէ հստակ երաշխիքի», - գրում է թերթը:

Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառներին` նշում է. - «Զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը: Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը․․․ Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց, ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է ձեր դիրքորոշումը: Եթե ստորագրվի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը՝ արդյո՞ք վարչապետը պետք է փոխվի և պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյանը․․․ Սա՞ է տարբերակը: Արդյո՞ք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէր․․․ Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ՝ ինչու՞ չի խոսում, թող հիմա խոսի որպես նախկին նախագահ»: «Առավոտ»-ի ճշգրտող հարցին, այսինքն՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ է բացվել, ֆրանսաբնակ քաղաքագետը պատասխանել է․ - «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը և Վիլնյուսում որևէ նոր փաստաթուղթ չստորագրվի՝ հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»:

«Եվրոպան ըմբռնումով է մոտենում մեր ընտրությանը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ստրասբուրգում ունեցած ելույթում Հայաստանի ղեկավարը ոչ միայն ներկայացրեց մեր երկրի կատարած վերջին ընտրության շարժառիթները, այլև հավաստիացրեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին, որ այն չի իրականացվել ու ապագայում էլ չի իրականացվելու Եվրամիության գործընկերային հարաբերությունների հաշվին։ Իսկ սա նշանակում է, որ հայկական կողմը ցանկանում է մինչև Վիլնյուսի գագաթաժողովը ստանալ մի փաստաթուղթ, որը թույլ կտա նրան ապագայում ևս միմյանց համադրել և ոչ թե հակադրել Ռուսաստանի ու Եվրամիության շահերը։ Այժմ հերթը մեր գործընկերներինն է, որոնք պետք է հնարավորություն տան Հայաստանին մնալ Եվրոպայի անկեղծ բարեկամը, բայց միաժամանակ պաշտպանել իր շահերն ու գոյությունը խիստ բարդ ու վտանգներով լի մեր տարածաշրջանում»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Վերջին երկու օրվա ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամից երկու սենսացիոն տեղեկություն հրապարակեց. առաջինը` «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ»-ի միջև դեռևս ստորագրված պայմանագիր չկա, այսինքն` հայտնի չէ, թե ինչի հիման վրա է թանկացել գազը: Երկրորդ, Հայաստանը մտադիր է եվրապարտատոմսերի վաճառքից ստացված գումարով վաղաժամկետ վճարել ավելի վաղ Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի վարկը: Գազի պայմանագիրը դեռ մի կողմ թողնենք. և' «Գազպրոմ»-ը, և' «ՀայՌուսգազարդ»-ը ռուսական ընկերություններ են, և ոնց էլ լինի, իրար հետ լեզու կգտնեն և թղթաբանությունը կկարգավորեն: Անդրադառնանք ռուսական վարկի վաղաժամկետ մարմանը. այդ վարկը, ինչպես հայտնի է, Հայաստանին տրվել է մեծ դժվարությամբ և բավականին ծանր պայմաններով: Մեր մեջ ասած` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո ռուսները կարող էին փոքր-ինչ մեղմել պայմանները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG