Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները պարապուրդի մեջ են


Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի հարյուրավոր աշխատակիցներ գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ:

Աշխատակիցների փոխանցմամբ, իրենք այս պահին արձակարդում են և վճարվելու են աշխատավարձի երկու երրորդի չափով:

Մեխանիկական գործամասի աշխատակից Սերյոժա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ գործարանն ունի նաև աշխատավարձի պարտքեր: Անձամբ Սարգսյանը չի ստացել ընդհանուր առմամբ 8 ամսվա աշխատավարձ` շուրջ 700-800 հազար դրամ:

«Ե'վ 2013 թվից ունենք, և' 2012 թվից ունենք, անգամ 2011 թվից ունենք` երկու ամիս», - հավելեց Սարգսյանը:

Սարգսյանն իր բացատրությունն ունի, թե ինչու գործարանը չի աշխատում. - «Վերևից չեն ընդառաջում մեր գործարանն աշխատելու համար: Կառավարությունից»:

Նրա համոզմամբ, Կառավարությունն ավելի ձեռնռու է, որ գործարանի արտադրած պարարտանյութը ներկրվի:

Անցած տարի, հիշեցնենք, Գյուղատնտեսության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների միջև ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում պարարտանյութեր արտադրելու վերաբերյալ: Գործարանի տնօրենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսում էր անգամ արտադրանքը արտահանելու մասին:

Այսօր չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ ո'չ գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովից, ով պարզապես խուսափում է հանդիպումից, ո'չ էլ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, որտեղ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարարը գործուղման մեջ է և հարցմանը կպատասխանի վերադառնալուց հետո:

Կորունդի արտադրամասի աշխատակից Կարինե Ավագյանը փոխանցեց, որ իրենց արտադրամասում աշխատավարձի պարտքեր չկան. - «Մենք միշտ ժամանակին վճարվել ենք: Որովհետև արտադրանք ունեցել ենք, արտադրանքն իրացվել է, մենք նորմալ վճարվել ենք»:

Գործարանի աշխատակիցները հույս ունեն, որ գործարանը այս ամիս կվերսկսի աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG