Մատչելիության հղումներ

Ֆրանսիան «կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»


Ֆրանսուա Օլանդը ընդունում է Սերժ Սարգսյանին, 1-ը հոկտեմբերի, 2013
Ֆրանսուա Օլանդը ընդունում է Սերժ Սարգսյանին, 1-ը հոկտեմբերի, 2013
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Հայաստանի նախագահի աշխատատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը անդրադարձել են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրներին։

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի նախագահը հատկապես կարևորել է հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG