Մատչելիության հղումներ

Ակտիվիստը չի ճանաչել իրեն ծեծելու մեջ կասկածվողներին


Ակտիվիստը չի ճանաչել իրեն ծեծելու մեջ կասկածվողներին
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00
Օգոստոսի 25-ի գիշերը ծեծի ենթարկված ակտիվիստ Միհրան Մարգարյանը ոստիկանությունում առերեսման ժամանակ չի ճանաչել իրենց ծեծելու մեջ կասկածվող երկու անձանց։

Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիաների մասնակիցներ Միհրան Մարգարյանի ու Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա հարձակվողներին հայտնաբերելու մասին հաղորդագրությունը ոստիկանությունը տարածել էր Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի Հայաստան այցից հետո, միջազգային տարբեր կազմակերպությունների դատապարտող հայտարարությունների օրերին՝ սեպտեմբերի 16-ին, տեղեկացնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 25-ամյա մի երիտասարդ՝ Բաբայան ազգանունով, և Փուրտոյան ազգանունով 39-ամյա մի տղամարդ բերվել են ոստիկանություն և ինքնախոստովանական ցուցմունքներ տվել, նրանց դեռ մեղադրանքներ առաջադրված չեն։

Մինչդեռ Միհրան Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այդ երկուսի հետ առերեսվել է և որևէ նմանություն չի նկատել նրանց ու իրենց ծեծողների միջև: Ակտիվիստը շարունակում է պնդել, որ իրենց վրա հարձակվողները ոչ թե երկու, այլ առնվազն յոթ հոգի են եղել։

«Ում որ տեսել եմ այդ օրը, իրենցից չի եղել հաստատ։ Մեկը տարիքով է, մյուսը՝ մի քիչ ավելի երիտասարդ, իմ կարծիքով, այնտեղ էդ տարիքի ու կոնֆիգուրացիայի մարդ չի եղել։ Բայց իրենք պնդում են, որ երկուսով են, այսինքն էն մարդկանց, որ ես տեսել եմ ու հաշվել եմ առնվազն յոթ հոգու, ուզում են էդ բոլորի մեղքը վերցնեն իրենց վրա։ Կոծկելու միտում կա»,- ասաց Մարգարյանը։

Ակտիվիստները հարձակման էին ենթարկվել «Արարատ» հյուրանոցի դիմաց գիշերը ժամը 1։30-ի մոտակայքում, երբ քաղաքապետարանից քայլելիս էին եղել դեպի տուն։ Ըստ նրանց պնդումների, նախ «Ամերիա» բանկի մոտ երեք հոգի մոտեցել են և հարցրել՝ արդյոք քաղաքապետարանի մոտի ցուցարարներից են, այնուհետև երբ հասել են «Արարատ» հյուրանոցի մոտ, չորս այլ երիտասարդներ են նույն հարցը տալով մոտեցել և «մեր հայրերի դեմ եք դուրս եկել» բացականչություններով սկսել են ծեծը։ Նախորդ երեքն էլ վազելով եկել միացել են խմբին։

Բողոքի՝ հուլիսի վերջից չդադարող ակցիան, ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով է. ինքնախոստովանական ցուցմունքներ տված երկու երիտասարդների և այս պաշտոնյաների ազգակցական կապերի մասին որևէ տեղեկություն չկա։

Ակտիվիստն ուշագրավ համարեց նաև այն փաստը, որ առերեսման ժամանակ կասկածյալները չեն կարողացել նկարագրել մյուս ծեծվածին՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանին, ով վերջին շրջանում գտնվում է Միացյալ Նահանգներում և հարցաքննություններին չի մասնակցում։

«Մեկն ասաց, որ չի հիշում, ահագին ժամանակ է անցել, մյուսն էլ էդ հարցից հետո ընդհանրապես հրաժարվեց հարցերին պատասխանել։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա։

Այսօր առավոտյան ոստիկանությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ հայտնաբերվել են նաև նույն օրերին՝ օգոստոսի 25-ի երեկոյան այլ վայրում ծեծի ենթարկված մեկ այլ ակտիվիստի՝ Կանադայի բնակիչ Միքայել Տոնոյանի վրա հարձակված անձինք։ Ըստ ծեծվածի պնդումների, իրեն ծեծել էին ճիշտ Միհրան Մարգարյանի ու Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի սցենարով՝ «Հաղթանակ» կամրջի վրա։ Ժամը 22.20-ի սահմաններում մոտեցել են երեք անծանոթ տղաներ, փակել ճանապարհը, հետաքրքրվել, թե արդյոք Տոնոյանը մասնակցո՞ւմ է նստացույցին, և «մեր պապաներին նեղացրել են» ասելով ծեծել։ Ի դեպ, այս երկու գործերով ինքնախոստովանական ցուցմունքներ տվածները նույն մարդիկ չեն։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միքայել Տոնոյանին ծեծի ենթարկելու կասկածանքով բերման ենթարկվածները 37, 39 և 48 տարեկան տղամարդիկ են՝ Արթուր, Վաղարշակ ու Վադիմ անուններով։ Տեղեկացանք, որ Միքայել Տոնոյանը գտնվում է Կանադայում։

Քաղաքապետարանի դիմաց նստացույց անողները շարունակում են վստահ լինել, որ ակտիվիստների դեմ այս բոլոր գործողություններն իրականացվում են նույն կազմակերպված բանդայի կողմից, հանրային բողոքի բռնկումները ճնշելու համար, այլ ոչ թե առանձին խուլիգանություններ են, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Իսկ առանձին մարդիկ բերման են ենթարկվում՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, հակառակ դեպքում տեսախցիկների տեսադաշտում կատարվող հանցագործությունների մեղավորներին գտնելը ոչ թե ամիսների, այլ ժամերի հարց կլիներ։

«Սա, իհարկե, հանցավոր վարչախմբի գործելաոճն է, բնականաբար, պետք է ինչ-որ մեկին գտնեին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց նստացույցի մասնակիցներից ակտիվիստ Վահագն Մինասյանը.- «Միանշանակ գիտեն ովքեր են ծեծողները, եթե նույնիսկ չգիտեին էլ, ժամերի ընթացքում իմացել են։ Կարծում եմ՝ ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները նմանատիպ դեպքերում շատ օպերատիվ կարող են աշխատել, եթե դա իրենց անհրաժեշտ է»։

Ակտիվիստներն այս իրադարձությունների շարունակությունն են համարում սեպտեմբերի 19-ի գիշերը քաղաքապետարանի մոտ կայանած իրենց մեքենաներին «Զիլ» մակնիշի մեքենայով հարվածելն ու կոտրելը՝ փաստելով, որ այդ միջադեպի շնորհիվ հաջողվեց քաղաքապետարանի դիմացի հատվածն ազատել իրենց մեքենաներից։ «Զիլ»-ի վարորդը պատճառաբանել է, որ ինքը քնած է եղել ու մեքենան չի կարողացել արգելակել։

«Մեր մեքենաները տուգանային հրապարակ տանելուց հետո անմիջապես այս ավտոկայանատեղում հայտնվեցին 10-15 ծառայողական մեքենաներ բազմաթիվ թերություններով՝ «ԱՊՊԱ» կտրոնների ժամկետները անցած, «Բոգդան» ավտոբուսի տեխզննման կտրոնով ինչ-որ մարդատար մեքենա... Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Տարոն Մարգարյան-ոստիկանություն համագործակցությունը»,- ասաց Մինասյանը՝ միանշանակ համոզմունք հայտնելով, որ այդ միջադեպը հրահրվել է իրենց մեքենաները տարածքից հեռացնելու համար։

Ոստիկանությունն անհիմն է համարում այս բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ արվում է հնարավորը օբյեկտիվ քննություն իրականացնելու և մեղավորներին հայտնաբերելու համար։
XS
SM
MD
LG