Մատչելիության հղումներ

Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը


Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժողովի բացման օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժողովի բացման օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 24-ը սեպտեմբերի, 2013թ․

Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերները որոշվել է «առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին»:

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի դիվանը այսօր տարածած հաղորդագրությունում ամփոփել է ժողովի աշխատանքները:

«Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշել է՝ որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը, հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար, հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:

Սեպտեմբերի 25-26-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության են առել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները:

Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերներին: «Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին», - ասված է հաղորդագրությունում:

«Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ», - նշված է հաղորդագրությունում:

Ժողովականները կարևոր են նկատել եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայ Առաքելական եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ Հայ Եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվել է գումարել 2014 թվականի աշնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG