Մատչելիության հղումներ

«Հայաստան և Ադրբեջան՝ վտանգների ժամանակաշրջան»


Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն
Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Միջազգային ճգնաժամային խմբի համաձայն՝ անհրաժեշտ է հրատապ միջամտություն ներքին խնդիրների փուլում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը կանխելու համար։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսի համոզմամբ՝ «ներքին անկարգությունների պարագայում ղեկավարներին կարող է գայթակղել մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական լարվածությունը սրելու գաղափարը»։

«Կա վտանգավոր ևս մեկ գայթակղություն՝ երկու երկրների ղեկավարներից մեկին կարող թվալ, թե հակառակորդը ներքին բարդ կացության մեջ է, ուստի ճիշտ ժամանակն է օգտվել նրա թուլությունից և այս երկարատև վեճում հասնել վճռական առավելության», - ընդգծում է Շիթսը:

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ երկու երկրներում քննարկումների ընթացքում երբեմն օգտագործում են «բլից-քրիգ» (կայծակնային պատերազմ) և «կանխարգելիչ հարված» տերմինները։ Զեկույցում նշվում է, որ այս հակամարտությունը կարող է ցանկացած պահի պայթել։

Փորձագետները վերլուծել են մի քանի սցենար։

2011 թվականից խաղաղության բանակցությունները փակուղում են։ Լարված իրավիճակում, որը է՛լ ավելի է վատթարանում ներքին խնդիրների հետևանքով, ամենամեծ վտանգը պատերազմի պատահական բռնկումն է։

2011-ից ի վեր երկու երկրներն էլ ավելացնում են ռազմական բյուջեն և մշակում են պատերազմի պայմաններում գործելու մանրամասն ծրագրեր։ Կողմերից մեկի սխալ հաշվարկը, պատերազմի և խաղաղության արանքում այս երկարատև անորոշությունը, հաճախակի դարձած ընդհարումները կարող են հանգեցնել լայնածավալ բախման, որի մեջ գուցե կներքաշվեն տարածաշրջանային առանձին ուժեր, կամ նույնիսկ բոլորը միասին՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Առաջիկա ամիսներն առավել վտանգավոր են, քանի որ երկու երկրներում կա ներքին լարվածություն։ Հայաստանի ընդդիմությունը բողոքի նոր ակցիաներ է ծրագրում, Ադրբեջանում չեն բացառվում ընդվզումներ հոկտեմբերի նախագահական ընտրություններում գործող ավտորիտար նախագահի գրեթե երաշխավորված հաղթանակից հետո։

Երկու երկրներում առկա ներքին ճնշումները կսահմանափակեն բանակցություններին՝ միջնորդների օգնությամբ, նոր լիցք հաղորդելու կամ անմիջական շփումները վերսկսելու երկու նախագահների հնարավորությունները։

Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ, հետագա սրումը կանխելու համար այսօր առավել քան երբևէ զգոնություն է պահանջվում ԵԱՀԿ-ից, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև Եվրամիության կողմից։

Ռուսաստանը՝ որպես այս կոնֆլիկտում ազդեցիկ դերակատար, պետք է ավելի վճռական լինի կողմերին խաղաղության դրդելու հարցում և դադարեցնի երկուսին զենքի ու զինամթերքի մատակարարումը։

Բացի այդ, անհրաժեշտ է վերականգնել Բաքվի ու Երևանի միջև «թեժ գիծը», որի միջոցով հնարավոր է նվազեցնել ռազմական լարվածության հնարավոր սրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG