Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով


Արտապատկերում ԵՏՀ-ի պաշտոնական կայքէջից
Արտապատկերում ԵՏՀ-ի պաշտոնական կայքէջից

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մշտապես գործող կարգավորող մարմինը՝ ըստ իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկանքի:

2012 թվականի փետրվարի 2-ից գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մշտապես գործող կարգավորող մարմինը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումն է, ինչպես նշված է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի գործառնության և զարգացման պայմանների ապահովումը, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում ներկայացված են երեք երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է եվրասիական հանրության շահերով՝ ընդհանուր առմամբ, չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի մասնակից երկրների տարածքներում, ասված է հանձնաժողովի կայքէջում:

«ԵՏՀ-ի ստեղծման մասին որոշման հիմքում ընկած է այն ըմբռնումը, որ միասին երեք երկրները կարող են ոչ միայն նվազեցնել գլոբալ անկայունության բացասական հետևանքները, այլև ակտիվորեն դիրքավորվել արտաքին շուկաներում: Մաքսային միությունը և Միասնական տնտեսական տարածքը բաց են դրանցում այլ պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են այդ միավորման նպատակները և պատրաստ են ընդունել պահանջվող պարտավորությունները:

Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունը այն է, որ բոլոր ընդունվող որոշումները խարսխված են կոլեգիալության հիմքի վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է 9 անդամից (Հանձնաժողովի Կոլեգիայի 3-ական Անդամ (Նախարար) յուրաքանչյուր մասնակից երկրից), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի Նախագահն է:

Կոլեգիայի Նախագահը և Կոլեգիայի Անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:

ԵՏՀ-ի գործունեությունը կառուցվածքայնացված է գործառնական ուղղություններով, որոնք վարում են Կոլեգիայի Անդամները (Նախարարները): Յուրաքանչյուր ուղղություն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության ճյուղերի և ոլորտների բլոկ: ԵՏՀ-ի Կոլեգիայի Անդամները և դեպարտամենտները գործունեության իրենց ուղղության շրջանակներում գործակցում են իշխանության լիազորված ազգային մարմինների հետ:

Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում է 23 դեպարտամենտ: Դրանց առընթեր ստեղծված է 17 Խորհրդակցական կոմիտե՝ ԵՏՀ-ի Կոլեգիայի համար առաջարկներ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Կոմիտեների նախագահներն են Կոլեգիայի Անդամները ըստ իրենց գործունեության ուղղությունների:

ԵՏՀ-ի գործունեության ամենագլխավոր սկզբունքներից մեկը առանցքային գործընկերների հետ համակողմանի երկխոսության պահպանումն է: Երկխոսության առաջին մակարդակը միջպետականն է, որը նախատեսում է որոշումների մշակման և ընդունման գործընթացում իշխանության ազգային մարմինների հետ արդյունավետ փոխգործողության կառուցում: Երկխոսության երկրորդ մակարդակը գործարար հանրության հետ աշխատանքի ուղղակի ձևն է:

ԵՏՀ-ն ակտիվ դիրք է զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ եվրասիական հանրակցության գործունեության ներկայացման և ինտեգրացիոն գործընթացներում եվրոպական ու ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից առանցքային գործընկերների ներգրավման նպատակով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են․

- ներմուծման մաքսատուրքերի ընդունումը և բաշխումը;

- երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը;

- արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը;

- մակրոտնտեսական քաղաքականությունը;

- մրցակցային քաղաքականությունը;

- արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները;

- էներգետիկ քաղաքականությունը;

- բնական մենաշնորհները;

- պետական և (կամ) մունիցիպալ գնումները;

- ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները;

- տրանսպորտը և փոխադրումները;

- արժութային քաղաքականությունը;

- մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և պաշպանությունը;

- աշխատանքային միգրացիան;

- ֆինանսային շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա);

- և այլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG