Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը մերժել է ԱԺ փոխնախագահի վերաբերյալ դիմումը


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպման ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպման ժամանակ, արխիվ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն հանրային ծառայության մասին օրենքի՝ հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի:

Հաղորդելով այս մասին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը միաժամանակ ընդգծում է, որ «հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում»:

ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ նույն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ, ինչին հանձնաժողովը, ըստ հակակոռուպցիոն կենտրոնի, տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունը»:

ԹԻՀԿ-ն տեղեկացնում է, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG