Մատչելիության հղումներ

Վատիկանում բացվել է Հայաստանի դեսպանատունը


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղակատվությա վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղակատվությա վարչության
Երեկ Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի է ունեցել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության բացման և Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելությունը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։

Վատիկանում Հայաստանի դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, նշել է. - «Մեծապես խորհրդանշական օր է այսօր: Հայաստանը` հանդիսանալով քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը, դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Սուրբ Աթոռում: Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան ` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում: Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհավորելով մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ հաջողություններ եմ մաղթում դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում»:

«Հայաստանը բարձր է գնահատում 2000 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվեց նաև 2001 թվականին: Մենք հուզմունքով ենք հիշում Երևանում Հովհաննես Պողոս երկրորդ Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Ավե Մարիա»-ի հուզառատ կատարումը աշխարհում ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր թանկագին մաեստրոն մեզ հետ է նաև այսօր՝ այս արարողությանը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

Նախարարը կարևորել է Սուրբ Աթոռի Քարտուղարության Պալատում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրի արձանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրումը 2005 թվականին և նրա անունով մերձակա հրապարակի անվանակոչումը 2008 թվականին կատարվել են Հովհաննես Պողոսի երկրորդ Պապի կողմից:

«Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վատիկանում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով է հանդես եկել Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացել դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպել դեսպանության աշխատակիցների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG