Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի ԱԳ, պաշտպանության նախարարներին


Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարների հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Իտալիա։ Նույն օրը Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել այդ երկրի արտգործնախարար Էմմա Բոնինոյի և պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ, մասնակցել է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Իտալիայում Հայաստանի դեսպանության կազմակերպած ընդունելությանը:

Իտալիայի արտգործնախարարը հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նալբանդյանն ու Բոնինոն բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։ Նրանք շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացման կարևորությունը:

Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում: Երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվել է 2015 թվականին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։

Նալբանդյանն ու Բոնինոն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։

Քննարկվել են նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործակցությունը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Եվրախորհրդի օրակարգային հարցերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ - իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երևանում պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Մաուրոն վերահաստատել է իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։

Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ - իտալական հնարավոր համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG