Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հետ հանդիպման ժամանակ, արխիվ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքների վերաբերյալ:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը՝ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ը այցելել է Երևան՝ Հայաստանի հետ հիմնադրամի հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:

ԱՄՀ-ի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Քննարկումներն արդյունավետ էին, և առաջընթաց է գրանցվել 2013 թվականի մնացած ժամանակահատվածի և 2014-16 թվականների քաղաքականության և միջոցառումների ուղղությամբ: Հետագա քննարկումներն ակնկալվում են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հոկտեմբերին կայանալիք ժողովների ընթացքում», - այցի ավարտին հայտարարել է Մարկ Հորթոնը:

«2012 թվականի տնտեսության աշխուժության արագ տեմպը 2013 թվականին չափավորվում է՝ արտացոլելով արտաքին, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը և վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետևանքով: 2013 թվականին սպասվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում այն աստիճանաբար կբարձրանա մինչև 5 տոկոս՝ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման և պետական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ավելացման վրա», - ասել է ԱՄՀ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պարենային ապրանքների և էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է ԿԲ-ի նպատակային միջակայքից՝ 4 պլյուս/մինուս 1․5 տոկոս, վերև, և հավանական համարելով, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում բարձր գնաճը պահպանվի՝ 2014 թվականին վերադառնալով նպատակային միջակայք:

Առաքելությունը քննարկել է նաև 2014 թվականի բյուջեի նախագիծը՝ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր՝ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը և գնահատելով հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարները՝ լրացուցիչ կապիտալ և սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով:

Առաքելությունն ընդգծել է, որ աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության և կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաև ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի և գործազրկության վրա:

«Այս տարի արտաքին ճշգրտումն ավելացել է: Վերջինն արտահանման առողջ ընդլայնման արդյունք է, որը գլխավորել են հանքարդյունաբերությունը և ագրովերամշակումը, ճկուն մասնավոր տնասֆերտները և ներմուծման համեստ աճը: Կենտրոնական բանկը ամռանը կարողացել է պահուստներ կուտակել և սահմանափակել դրամի վրա աճի ուղղությամբ ճնշումները», - հայտարարել է Հորթոնը:

«Կառուցվածքային բարեփոխումները շարունակվել են, և ապագա միջոցառումները պետք է նպատակաուղղվեն գործարար միջավայրի, բաց տնտեսության, մրցակցության և դիվերսիֆիկացման առավել բարելավմանը՝ միաժամանակ դիմագրավելով կարևոր ռիսկերի: Հիմնական ոլորտները ներառում են կարգավորման և ստուգումների պարզեցումը, ներքին մրցակցությունը, մաքսային վարչարարությունը, բանկային ոլորտի և կենսաթոշակային հիմնադրամի վերահսկողությունը, քաղաքացիական ավիացիայի և էներգետիկայի ոլորտները», - ասել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը:

ԱՄՀ-ի առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքների վերաբերյալ՝ կապված արտաքին մաքսատուրքերի, առևտրի և ներդրումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG