Մատչելիության հղումներ

«Պետք չէր գնալ ԵՄ՝ Ռուսաստանին չզայրացնելու համար»


ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյան
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է՝ պետք չէր գնալ Եվրամիություն, որպեսզի չզայրացնեինք Ռուսաստանին և արդյունքում նա մեզ չստիպեր մտնել Մաքսային միություն։

ՀԱԿ պատգամավորն ասում է, որ այս պարզ բանը ասել է նաև իշխանություններին, սակայն նրանք պատասխանել են՝ «ռուսները մի քիչ կխոսեն, կանցնի, կգնա»։

«Պետք էր հասկանալ, որ մեզ մոտ ռազմական բազա կա, որ մենք գրգռելու ենք ռուսներին։ Ես հստակ ասում էի՝ ոչ նա է պետք, ոչ այն։ Եթե մենք Եվրոպայի հետ չսկսեինք բանակցությունները, հիմա Մաքսային միություն չէինք մտնի։ Մինչև 2013 թվականի մայիսի 26-ը ոչ մի ճնշում չի եղել, ռուսները լուռ հետևել են, մերոնք էլ սխալ անալիզներ էին անում, որ դա մեզ չի վերաբերելու, և ի՞նչ... պետք էր գալ, հասնել սեպտեմբերի 3-ին, խայտառակ ձևով եվրոպացիներին ասել՝ չենք ստորագրում, մենք արդեն մի հիսուն տարով հարաբերություն չենք ունենա նրանց հետ, և ռուսների մոտ էլ գնացինք, ոչ թե գնացինք, այլ՝ տարան... սա՞ էիք ուզում՝ կորցնելով ձեր արժանապատվությունը։ Եվ ռուսների մոտ էլ արդեն ունենք տպավորություն, որ արդեն ցանկացած պահի կարող են «քցել»»,- ասաց Բագրատյանը։

Այն, որ Հայաստանին Մաքսային միությունը պետք չէր, նախկին վարչապետի փոխանցմամբ միանշանակ է, քանի որ զարգացման հեռանկարները շատ սահմանափակ են, բայց այժմ Մաքսային միություն չմտնելու հնարավորություն չկա։ Եթե Պուտինը պնդում է, տարբերակ չկա, ասում է Բագրատյանը.- «Որովհետև ռուսները հազար անգամ ասացին՝ մենք ձեր համբալը չենք, մենք գանք ձեր սահմանները պահենք, դուք գնա՞ք Եվրոպա տնտեսական հաճույքների»։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ուղղակի ստիպեց Հայաստանին անդամակցել Մաքսային միությանը, նախկին վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանի համար Հայաստանի անդամակցությունն այնքան էլ ձեռնտու չէ: Ավելին՝ նույնիսկ, եթե Հայաստանը ցանկանա որպես ադմինիստրատիվ մաս մտնել Ռուսաստանի կազմի մեջ, դժվար թե պաշտոնական Մոսկվան կողմ լինի, քանի որ Հայաստանի կենսամակարդակը շատ ցածր է։

«Մեր մեջ ասած, ռուսների համար շահավետ չէ Հայաստանի՝ Մաքսային միության անդամ լինելը։ Դա թութք է... ռուսները կուզենային տեսնել նախ Ուկրաինային, հետո՝ Հայաստանին, որովհետև Հայաստանի հետ կա նաև Ղարաբաղի պրոբլեմը»,- ասաց Բագրատյանը։

Քանի որ Մաքսային միություն չմտնելու հնարավորություն չկա, նախկին վարչապետի փոխանցմամբ՝ այս պահին պետք է մտածել, թե ինչ անել, որպեսզի Հայաստանի տնտեսությունը ինչ-որ բան շահի այս միությունից: Իսկ այն, որ Մաքսային միությունում այժմ գործող մաքսատուրքերով Հայաստանի տնտեսությունը անկում է ապրելու, ըստ Բագրատյանի, միանշանակ է, քանի որ հայտնվելու ենք մի տարածքում, որտեղ մաքսատուրքերը պետք է մի քանի անգամ բարձրանան: Առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսության անկումը թույլ չտալու համար, նախկին վարչապետի համոզմամբ, Հայաստանին որոշակի անցումային ժամանակաշրջան է պետք, մինչև որ երկրի տնտեսությունը ադապտացվի Մաքսային միությանը։

«Գործող տարիֆներով մենք բենզինը այսօր ներմուծում ենք Ռումինիայից, Բուլղարիայից, ռուսական չէ մեր բենզինը, նույնիսկ Ուկրաինայից ենք բերել, կամ ասենք, վառելիք են ներմուծում Իրանից, այդ թվում՝ գազ։ Ես, օրինակ, չգիտեմ, եթե մաքսային տարիֆը ներմուծվի, ինչպես մեզ կհաջողվի բանակցել։ Գործող տարիֆի պայմաններում իրանական գազի ներմուծումը Հայաստանում կարող է կանգնել, անիմաստ դառնալ։ Իսկ մենք ուզում էինք էնեգետիկայի դիվերսիֆիկացիա»,- ասաց նախկին վարչապետը։

Նախկին վարչապետը չի թաքցնում, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո երկրում կթանկանան մի շարք ապրանքատեսակներ, օրինակ, շինանյութը։ Մեր հայրենակիցները զգալի դժվարություններ կունենա նաև Եվրոպայից ավտոմեքենա ներկրելու հարցում։ Մեքենաների մաքսազերծումը կթանկանա մինչև 50 տոկոսով, փոխարենը կէժանանան ռուսական արտադրության ավտոմեքենաները։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Հրանտ Բագրատյանը կատակեց, թե սկսել է հետաքրքրվել «Նիվա» մակնիշի մեքենայով:

Ի պատասխան մեր այն հարցին, թե տնտեսականից բացի քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի վրա, Հրանտ Բագրատյանը կատակեց. - «Կուսակցությունների մեջ կսկսվի մի շարժում, որ բոլորը կսկսեն լրջորեն ուսումնասիրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը»։
XS
SM
MD
LG