Մատչելիության հղումներ

«Կա և չկա 2». իրանահայ արվեստագետը պատմում է Խորհրդային Հայաստանում ապրած տարիների մասին


Երևանի Կամերային թատրոնի բեմում Անահիտ Քեշիշյանը խաղաց հեղինակային, ինքնակենսագրական ներկայացում՝ «Կա և չկա 2»։

Անահիտ Քեշիշյանը իրանահայ է, այժմ բնակվում է ԱՄՆ-ում և դասավանդում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: Դրանից բացի նա խաղում է. հայերենից տարբեր գրական գործեր թարգմանում է անգլերեն և բեմադրում։

«Կա և չկա» ներկայացման առաջին մասը խաղացել մի քանի տարի առաջ՝ պատմելով իր մանկության ու վաղ պատանեկության տարիների մասին, որ անցկացրել է Իրանում։ «Կա և չկա 2»-ը նրա կյանքի հաջորդ 10 տարիների մասին է, որոնք ապրել է Խորհրդային Հայաստանում։

«Առաջին «Կա և չկա»-ն բոլորը հավանեցին ու քաջալերեցին շարունակել պատմել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անահիտ Քեշիշյանը։

Խորհրդային Հայաստանի մասին պատմող ներկայացման պրեմիերան կայացավ նախկին Խորհրդային Հայաստանում։ Երևանում խաղալուց հետո հեղինակը պատրաստվում է շարունակալ խաղալ Լոս Անջելեսի հայկական «Լունա» թատրոնում։

Հեղինակը նախ գրի է առել իր կյանքի պատմությունը, ապա իր գրած 130 էջը խտացրել է 20 էջում ու տեղավորել ասելիքը 1.5 ժամում։

«Փորձել եմ ընտրել այն դեպքերը, որոնք ինձ վրա մեծ տպավորություն են թողել, ինձ հետ երկար ապրել են», - ասաց Անահիտը:

Ներկայացման ընթացքում նա հանդիսատեսին տեղափոխում է խորհրդային ժամանակների գործարաններ, թանգարաններ, խանութներ, կանգնեցնում սննդի ու հագուստի հերթերում՝ ստեղծելով խորհրդային տարիների գորշ իրականության պատկերը։

«Անպայման գորշ իրականություն էր, դրա ամենացայտուն բացատրությունը փակվածությունն էր։ Հիմա Հայաստանում այնպիսի դրություն է, որ լսում եմ իմ հայերնակիցներից ու բարկանում եմ ձեզ հետ միասին, բայց գիտեմ, որ դուք ձեզ չեք զգում երկաթե վարագույրի ետևում», - պատմեց Անահիտը՝ ավելացնելով, որ եթե կապ լիներ արտաքին աշխարհի հետ, հնարավոր է իրենց հոգեվիճակը Խորհրդային Հայաստանում այդքան ծանր չլիներ։

«Շատ պարզ ասեմ. մենք չտես էինք այն ժամանակ։ Չտես չէինք, չտես դարձանք, չտես դարձանք գույնի նկատմամբ, չտեսացանաք զիզի-բիզի ապրանքի նկատմամբ։ Գույնը մարդկանց համար բնական պահանջ է, երբ ասում եմ, որ գորշ տարիներ էին, վերացական իմաստով չեմ ասում, ամեն ինչ գորշ էր, անգամ տոնածառի խաղալիքները պայծառ չէին»։

Անահիտ Քեշիշյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե որքան է փոխվել Հայաստանը խորհրդային տարիներից հետո, բայց գիտի ամենակարևոր փոփոխությունը. Հայաստանն այլևս բանտ չէ։

Հայաստանի մասին դատողություններ է անում՝ շփվելով ու դասավանդելով տարբեր ժամանակներում ԱՄՆ մեկնող երիտասադների հետ։ Ըստ նրա, վերջին տարիներին ԱՄՆ սովորելու կամ բնակվելու մեկնող երիտասադները խելացի են, ուսումնատենչ ու տարբերվում են 90-ականների սերնդից։ Հենց այդ պատճառով Հայաստանի ապագայի նկատմամբ լավատես է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG