Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է․ - «Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաև՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի: Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները: Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին: Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության գաղափարն ավելի բարձր կլինի: Բայց քանի որ մենք ոչ մի սոցիոլոգիական հարցման և ոչ մի հանրաքվեի չենք հավատում, ապա իմ այս ենթադրությունները էմպիրիկ ձևով ստուգել հնարավոր չէ»:

Տարակուսանք հայտնելով, որ իշխանության ներկայացուցիչները խուսափում են Մաքսային միության անդամակցությանն առնչվող բանավեճերից՝ «Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Արտաքին գործերի նախարար, էկոնոմիկայի նախարար, ֆինանսների նախարար, վերջապես` վարչապետ, նախագահ: Այս պաշտոնյաները ոչ միայն շահագրգռված պետք է լինեն սեփական որոշման փաստարկման հարցում, այլ պարտավոր են հասարակությանը հաշվետվություն տալ դրա համար: Սակայն Հայաստանի իշխանությունների` այս հարցում անկենդան պահվածքը վկայում է, որ իրականում նրանք հանդիսացել են պարզապես որոշումը հրապարակայնացնող օբյեկտ, իսկ կայացնող սուբյեկտը եղել է Հայաստանի իշխանություններից դուրս»:

«Հայոց Աշխարհ»-ը մեջբերում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ Հայաստանի հանդեպ գործադրված հնարավոր ճնշումների մասին հետևյալ դատողությունը․ - «Նրանք, ովքեր խոսում են Մոսկվայի պարտադրանքների մասին, խիստ թերագնահատում են մեր պետության հնարավորությունները։ Ինչ-որ տեղ դա նույնիսկ օգտակար է, այն առումով, որ այդ մարդկանց ձայնը հասնում է Եվրոպա, և Եվրոպային ներկայանում ենք որպես մի երկիր, որին ստիպել են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, և որի հետ կարելի է աշխատել։ Իրականում որևէ պարտադրանք չի եղել։ Ի՞նչ է, Պուտինը երե՞կ է իմացել, որ մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ, կամ միայն վերջին պահի՞ն ձեռք բերեց պարտադրելու հնարավորությունը։ Իհարկե՝ ոչ»։

«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ ևս Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավական պասսիվ արձագանքի արժանացավ: Թերթը, սակայն, մատնանշում է ոչ թե իշխանության, այլ մնացյալ՝ այդ թվում ընդդիմադիր քաղաքական ուժերի պասսիվությունը․ - «Ո՞րն է պատճառը, ի վերջո, ինչո՞ւ են ՀՀ քաղաքական ուժերն այսքան խոնարհ: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ․ կա՛մ նրանք հստակ գիտեն, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն թողել՝ անելով այնպիսի «առաջարկություն», որից հրաժարվելը կսպառնար Ղարաբաղի կորստով: Եվ ուրեմն՝ Սերժ Սարգսյանի որոշման դեմ խոսելը կնշանակի, որ իրենք համաձայն են Ղարաբաղը կորցնելուն: Կա՛մ՝ որն առավել հավանական է, պարզապես չեն համարձակվում ռուսների հասցեին թթու խոսք ասել: Երկու դեպքում էլ ստացվում է շատ տխուր պատկեր․ ՀՀ քաղաքական դաշտը միանգամայն արժանի է Սերժ Սարգսյանի նման նախագահ ունենալուն»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը պարզաբանում է, թե ինչ ասել է Մաքսային միություն․ - «Մաքսային միության սկզբնական գաղափարը եղել է դեռ 1995 թվականին: Այն նպատակ ունի ստեղծել մի միություն, որը կունենա միասնական արժույթ, տնտեսության կարգավորման միասնական մեխանիզմներ, կապահովի մեկ մաքսային տարածք, որի շրջանակներում փոխադարձ առևտրում չեն կիրառվի մաքսատուրքեր և տնտեսական բնույթի սահմանափակումներ, բացառությամբ հակադեմպինգային և փոխհատուցման քաղաքականության: Մաքսային միության երկրները այլ տնտեսական գոտիներ կարող են մտնել միայն միասին, եթե որոշի միության բարձրագույն մարմինը: Բելառուսը չի կարող ազատ՝ առանց մաքսատուրքերի առևտուր անել, օրինակ, Չինաստանի հետ, եթե Ռուսաստանն իր համաձայնությունը չտա: Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային տուրք և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»: «Թե Հայաստանի դեպքում ինչպիսի խոչընդոտներ, խնդիրներ կարող են առաջանալ, կամ թե ինչ կշահի հայ ժողովուրդը, այժմ այդքան էլ պարզ չէ, և այդ հարցի միակ հասցեատեր Սերժ Սարգսյանը կամ նրա թիմը, ինչպես երևում է, չի շտապում պարզաբանումներ ներկայացնել: Սակայն հասկանում ենք, որ մեծ հաշվով՝ Հայաստանն իր որոշման մեջ անկախ է ուղիղ այնքան, որքան նրան Ռուսաստանն է թույլ տալիս և եթե ցանկանար էլ, չէր կարող ԵՄ-ի ուղղությունը բռնել, որի ներքին շուկան 500 միլիոն սպառող ունի, իսկ ՄՄ-ն՝ ընդամենը 165 միլիոն», - եզրափակում է թերթի մեկնաբանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG