Մատչելիության հղումներ

Ակտիվիստները կրկին հանդիպեցին Ալեքսանյանի համակիրների դիմադրությանը


«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներին այսօր դարձյալ չհաջողվեց մոտենալ Փակ շուկային․ ակտիվիստներին այստեղ սպասում էին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համակիրները:

Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Ոչ գրանտակերներին ու ընդդիմախոսներին» գրություններով․ ընդ որում բոլոր պաստառների վրա ընդդիմախոսը բառը ուղղագրական սխալով էր գրված՝ մեկ դ-ով: Դիմացի մայթին նկատելով հուշարձանի փրկության համար պայքարող ակտիվիստներին, ցուցարարները սկսեց սուլել և վանկարկել Սամվել Ալեքսանյանի անունը։

Ցույցին նույն դեմքերն էին մասնակցում, հիմնականում մեծահասակ կանայք․ ամեն մի խմբին հսկում, ուղղորդում և ցուցումներ էին ինչ-որ երիտասարդներ, որոնք հուշում էին կանանց, թե երբ և ինչ վանկարկեն: Ցուցարարներին շշերով ջուր էր բաժանվում, ունեին միանման սուլիչներ, շչակներ: Ոմանք ներկայանում էին, որպես տարածքի բնակիչներ, ոմանք պնդում էին, թե իրենց խոստացել են աշխատանքի տեղավորել նոր բացվող շուկայում, որոշ կանայք էլ չէին թաքցնում, որ շուկայի տարածքում «Երևան Սիթի» սուպերմարկետ է բացվելու։

Ցույցին զուգահեռ շուկայում շարունակվում էր լայնածավալ շինարարությունը։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները շուրջ երկու ժամ կանգնել էր դիմացի մայթին՝ բոլորը դեղին գլխարկներով, լուռ հետևում էին, ինչպես են սուլում իրենց․ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը զարմացած չէր, նախորդ ցույցին այս կանայք նրան նույնիսկ քաշքշեցին, այս անգամ Խզմալյանը գերադասեց չանցնել մայթը։

«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Տեսնելով այդ խեղճուկրակ կանանց՝ ոչ ոք չի կասկածում, որ նրանք այդ սուպերմարկետներում աշխատատեղ չեն ունենա։ Բավական է մտնել ուրիշ օբյեկտներ, տեսնել այն ընտրված ֆոտոմոդելներին, որոնք տիկնիկների պես սպասարկում են մեծահարուստների շահերը, կհասկանան, որ այս բերանում 4-5 ատամ ունեցող դժբախտ կանայք մոլորված են»,- ասաց կինոռեժիսորը։

Տիգրան Խզմալյանը հիշեցնում էր, որ թե քաղաքային իշխանությունները, թե մշակույթի նախարարությունը դատապարտել են շենքի ճարտարապետական տեսքի խաթարումը, ուստի իրենց պահանջները միանգամայն օրինական են։

Շուրջ մեկ շաբաթ Փակ շուկայի շենքի դիմերեսին փակցված էր «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի մեծադիր լուսանկարը՝ «մասոն» գրությամբ, այսօր այստեղ ավելացել է նաև Գարեգին Չուքասզյանի մեծ լուսանկարը: Չուքասզյանը որևէ խնդիր չի տեսնում շենքը վերականգնելու գործում, օրինակ, բերեց Գառնու տաճարը, ինչ վերաբերում է դիմացի մայթից հնչող քննադատությանը, թե աշխատատեղեր չեն բացվի, Գարեգին Չուքասզյանն ասաց, որ հենց այս ակցիաների արդյունքում են աշխատատեղեր ստեղծվելու։

«Ամբողջ աշխարհը փորձ ունի շուկաները հուշարձան դարձնել, մենք ոչ առաջինն ենք հեծանիվ հայտնագործելու, ոչ էլ վերջինը։ Ամբողջ աշխարհում դրանք տուրիզմի համար ամենաեկամտաբեր աղբյուրն են»,- ասաց Չուքասզյանը։

Հուշարձանի վերականգման համար պայքարող ակտիվիստները երթով վերադարձան Մաշտոցի պուրակ:
XS
SM
MD
LG