Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին


Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց գլխավոր դատախազի պաշտոնին
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հրաժեշտ տվեց պաշտոնին։

Նա գլխավոր դատախազությունը ղեկավարում էր 15 տարի, երկու անգամ վերանշանակվել էր այս պաշտոնում, բայց այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանը չառաջարկեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը։ Աղվան Հովսեփյանի լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ նախագահը երեկ ընդունել էր նրան՝ հույս հայտնելով, որ Հովսեփյանը իր փորձառությունը կծառայեցնի իրավապահպան համակարգին։

Աղվան Հովսեփյանն այսօր բավական դրամատիկ հեռացավ դատախազության շենքից. նրան հրաժեշտ տալու համար շենքի մոտ հավաքվել էին դատախազության համակարգի աշխատակիցները, Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց, հետո աշխատակիցներին հրաժեշտ տվեց և լրագրողների մի քանի հարցի պատասխանելուց հետո հեռացավ։

Արդեն նախկին գլխավոր դատախազը չհստակեցրեց, թե արդյոք այլ պաշտոնի է նշանակվելու, միայն ասաց՝ «միասին դեռ աշխատելու ենք»։ Ի դեպ, Աղվան Հովսեփյանը բարձր գնահատեց 15 տարիների իր աշխատանքը։

«Այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որ առաջադրված են եղել դատախազության համակարգի առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»,- ասաց նա։

Հովսեփյանը խոսեց դատախազության բարեփոխումներից և հույս հայտնեց, որ նոր նշանակվելիք գլխավոր դատախազը կշարունակի իր գործը։ Իսկ թե ում է տեսնում իրենից հետո, չասաց։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է տեսնում իր հետագա գործունեությունը, արդյոք կա՞ն առաջարկներ, պայմանավորվածություններ պաշտոնավարման, և արդյոք շարունակելո՞ւ է իր հասարակական գործունեությունը, պատասխանեց.- «Հասարակական գործունեությունը իհարկե, շարունակելու եմ և ավելի ակտիվ, քանի որ, ցավոք սրտի, մեր հանրության մեջ թույն կաթացնողները շատ են և օր օրի ավելանում են։ Այն, ինչ ես անում եմ, ուղղակի հակաթույնն է մեր հանրությունը թունավորելու դեմ, և ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունը առողջ ապրի։ Կապված հետագա պաշտոնավարման հետ միայն կարող եմ ասել, որ մենք դեռ միասին աշխատելու ենք։ Հաջողություն»։

Չպատասխանելով իր պաշտոնաթողությանը վերաբերող հարցերին՝ Աղվան Հովսեփյանը հեռացավ լրագրողներից ու ոտքով գնաց։

Իսկ թե ով կնշանակվի այս պաշտոնում, տարբեր կանխատեսումներ կան։ Շրջանառվում են Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի, Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անունները։

Մինչ նոր գլխավոր դատախազի նշանակումը, այդ պարտականությունները կկատարի գլխավոր դատախազի տեղակալը՝ Արամ Թամազյանը։
XS
SM
MD
LG