Մատչելիության հղումներ

Հայերը նախատեսում են գնել հայատառ «․հայ» դոմենը


«․հայ» հայատառ գրությամբ կվերջանա հայկական որևէ կայքի անվանումը, եթե հայ օգտատերերին հնարավորություն ընձեռվի օգտվել այդ դոմենից:

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է գնել այդ դոմենային անունը հայկական վիրտուալ տարածքի համար: Դոմենի տարեկան վճարը կկազմի 25.000 դոլար:

«Ինտերնետ հանրություն» հկ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ շատերը հարցնում են՝ ինչո՞ւ, օրինակ, Ռուսաստանը կամ Չինաստանը ունի սեփական լեզվով դոմեն, իսկ Հայաստանը՝ ոչ, արդյոք դրա կարիքը չունենք: Սաղյանի խոսքով՝ կարիքը գուցե և կա, սակայն կան նաև խնդիրներ։

«Առաջին պրոբլեմը այն է, որ եթե սկսենք մեսրոպատառ դոմեն կիրառել, ապա կիրառողը անտեսանելի կդառնա մնացած աշխարհի համար: Հաստատ ով հայ չէ, չի ակտիվացրել հայերեն ստեղնաշարը: Մյուս կողմից՝ շատ դեպքերում մարդիկ կգերադասեին, որ լիներ նաև մեսրոպատառ»,- նշեց Սաղյանը:

Հաշվի առնելով այս երկու հակասությունները՝ «Ինտերնետ հանրություն» հկ-ն մինչև դոմենի ձեռքբերումը որոշել է հանրային լսումներ կազմակերպել և կարծիքներ ստանալ դոմենի ակտիվացման վերաբերյալ:

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կարծում է, որ հայատառ դոմեն ստեղծելու անհրաժեշտությունն այդքան էլ հրատապ չէ, սակայն չի էլ խանգարի:

«Արդեն կյանքն է ցույց տալիս, որ ինչքան դա մի կողմից հայեցի դառնա, կամաց-կամաց սովորում ենք դրան և փորձում ենք դրա միջոցով ինքնարտահայտվել, մյուս կողմից կա ավանդականը, որ գոյություն ունի, և միջազգայնացման և շատ լսարան ունենալու համար պետք է օգտվել մյուս եղած վիճակից: Գուցե երկուսի իրավունքն էլ պետք է լինի»,- ասաց Երիցյանը:

«Ես բացասական եմ վերաբերվում այդ երևույթին, որովհետև դա ավտոմատ նշանակում է, որ բոլոր մարդիկ, ովքեր չունեն հայերեն համակարգիչների վրա, չունեն հայերեն ստեղնաշար, չեն կարող մտնել այդտեղ, դա բերելու է ինչ-որ չափով մեր սեգմենտի մարգինալացման: Այսինքն, համարում եմ դա անիմաստ փողի ծախս: Ինտերնետը հիմնականում ինֆորմացիա տարածելու համար է, իսկ դա կդառնա հնարածին արգելք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ծրագրավորող Միքայել Ղազարյանը և հավելեց, որ մոտ երկու տարի գոյություն ունեցող ռուսական «рф» դոմենին համացանցում գրեթե չի հանդիպում, ըստ այդմ՝ այս և այլ երկրների լեզուներով դոմենի գոյությունն էլ անիմաստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG