Մատչելիության հղումներ

Երկու ՀԿ-ները դադարեցնում են մասնակցությունը զինդատախազության աշխատանքային խմբին


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը այսօր հայտարարել են Հայաստանի զինդատախազության նախաձեռնությամբ ստեղծված՝ Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում իրենց մասնակցությունը դադարեցնելու մասին:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ, հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում», - ասված է երկու կազմակերպությունների ղեկավարներ Արթուր Սաքունցի և Ժաննա Ալեքսանյանի տարածած հայտարարությունում:

Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ «նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա, հանրության անվստահությունը ի պաշտոնե վերահսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ»:

«Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար», - հայտարարում են Սաքունցը և Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG