Մատչելիության հղումներ

Ասատրյանը բյուջեի եկամուտների զգալի կորուստներ է կանխատեսում


Մաքսային միությանն անդամակցելու պարագայում բյուջեի կորուստներն անխուսափելի են, ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Ավելի բարձր սակագների դաշտ ենք տեղափոխվում, այսինքն, իմպորտը, որը գալիս է այս պահին եվրոպական երկրներից և որը համապատասխան մաքսատուրքերով հարկվում է, սա կորցնելու ենք: Ընդհանուր գնահատական կտամ՝ ըստ իս առաջին իսկ փուլում դա բյուջեի եկամուտների 15-20 տոկոս կորուստ է», - ասում է նա:

Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական շահ Հայաստանի համար Ասատրյանը չի տեսնում:

«Մաքսային միության անդամ երկրների հետ մենք ունեինք, ըստ էության, ազատ առևտրային ռեժիմներ: Ոչ մի բան չի փոխվել: Հիմա, այս պարագայում, մենք ի՞նչ ենք ստանալու: Ըստ էության միակը դա ԵՄ երկրների նկատմամբ որոշակի պատնեշներ են դնելու կամ զարգացման հնարավորությունները սահմանափակվելու են», - ասում է նա:

Խնդիրներ են առաջանալու նաև Մաքսային միության անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու մասով, նկատում է տնտեսագետը: Խոսքը Վրաստանի տարածքով ապրանքներ ներկրելու մասին է․ - «Տրանզիտ տարածքով անցնելու պարագայում պարզ է, որ դյուրին չի լինելու այս գործընթացը: Նույն ձևակերպումները մաքսային պետք է անցնի, բոլոր պրոցեդուրաները պիտի անցնի, այսինքն ժամանակի կորուստ լինելու է: Բայց կներեք, եթե նույն ծախսը լինելու է, ժամանակի կորուստը լինելու է, էլ ի՞նչ իմաստ կա Մաքսային միության»:

Ասատրյանի խոսքով Հայաստանի տնտեսության մենաշնորհից օգտվողների համար նախընտրելի է մաքսային միությունը: Իսկ եվրոպական ճանապարհը, թեև ոչ շատ արագ, այդուհանդերձ հանգեցնելու է օլիգարխիկ ու մոնոպոլ համակարգի կազմալուծման, վստահ է տնտեսագետը:

Որպես Մաքսային միությանն անդամակցելու դրական կողմ Բագրատ Ասատրյանը մեջբերում է Եվրասիական բանկի ներկայացուցիչների խոսքերը՝ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կունենա համախառն ներքին արդյունքի հավելյալ 4 տոկոս աճի հնարավորություն:

Տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը դիտարկում է երկարատև ու կարճատև էֆեկտների տեսանկյուններից: Առաջինի դեպքում, Հայաստանի տնտեսության համար աղետալի կլինի, կարծում է Հայկ Գևորգյանը պատճառաբանելով, որ Հայաստանը հայտնվում է աշխարհի ամենաանարդյունավետ, կոռումպացված տնտեսությամբ տարածքում: Ինչ վերաբերում է տնտեսական օրենսդրությանը, որին մաս կկազմի Հայաստանը՝ անդամակցելով Մաքսային միությանը, ապա տնտեսական լրագրողի մեկնաբանմամբ ևս Հայաստանի բյուջեն որոշակի կորուստներ կկրի, քանի որ Ռուսաստանից ու Մաքսային միության անդամ երկրներից ներկրված ապրանքի մաքսազերծման կարիք չի լինի, հակառակ պարագայում էլ կհեշտացվի տեղական ապրանքի մուտքը Մաքսային միության անդամ երկրների շուկա: Սա՝ որպես դրական կողմ:

«Իսկ եթե ես Վրաստանից մեքենա բերեմ, պիտի կիրառեմ այն մաքսատուրքերը, որոնք կիրառում է Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ կամ ուրիշ երկրների համար: Այնտեղ տարիֆները չափազանց բարձր են», - ասում է Հայկ Գևորգյանը, - «Մեկ այլ ասպեկտից էլ եթե նայենք՝ այսօր Բելառուսն ու Ղազախստանը, Ռուսաստանի հետ միասին Մաքսային միության անդամ են, բայց օրինակ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ընդամենը մի քանի շաբաթ առաջ խիստ քննադատության էր ենթարկել Մաքսային միությունը, ասելով, որ Մաքսային միությունը ըստ էության չի գործում, որ Ռուսաստանի շուկան բելառուսական բիզնեսի համար փակ է, նրանք չեն թողնում բելառուսական ձեռնարկություններին, որ մրցակցեն ռուսականի հետ»:

Սխալ կլիներ կարճատև հեռանկարում մեծ արդյունքներ ակնկալել Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրից, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա տնտեսությունը կարգի գցելու՝ Հայաստանի միակ ճանապարհն է, կարծում է Հայկ Գևորգյանը:

Մաքսային միությանն անդամակցելու դրական և բացասական կողմերի մասին պաշտոնական տեսակետ էկոնոմիկայի նախարարությունից խոստացան հայտնել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG