Մատչելիության հղումներ

Օբաման նամակ է հղել Ալիևին


ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Նյու Յորքում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահը նամակը ադրբեջանցի պաշտոնակցին է հղել Մինսկի խմբի նորանշանակ համանախագահի այցի առիթով։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուր ասված է, որ հասունացել է ժամանակը նոր ջանքեր գործադրելու, որպեսզի բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

Նամակը հղվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցի առիթով: Օբաման գրել է, որ Բաքու կատարած նրա առաջին պաշտոնական այցի առիթով ցանկանում է նշել, որ ամբողջովին աջակցում է դեսպան Ջեյմս Ուորլիքին:

«Վերջերս նրա նշանակումը ԱՄՆ-ի վճռականության և հավատարմության ուժեղ ազդանշան է՝ օժանդակելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Հուսով եմ, դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձը և Ձեր կառավարության ցանկությունը՝ առաջընթացի համար, նոր լիցքեր կհաղորդեն համանախագահների գործունեությանը և խաղաղ գործընթացին: Ես պաշտպանում եմ Ձեր ջանքերը՝ հնարավորություն գտնել առաջիկա ամիսների ընթացքում ուղղակի երկխոսություն ունենալ Հայաստանի հետ և համանախագահների հետ միասին ժամանակ և ունակություններ գտնել հաղթահարելու բանակցությունների ներկայիս փակուղային իրավիճակը», - գրել է Օբաման՝ նշելով, որ հասունացել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը, որպեսզի բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում մի քանի օր առաջ գրել էր, որ շուտով այցելելու է Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ՝ սկսելու իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Այսօր մեկնարկել է նրա տարածաշրջանային այցը: Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դրա ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս իրավիճակի և հեռանկարների շուրջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ ամերիկացի միջնորդի հանդիպման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ գլխավորապես ներկայացնելով Աբիևի խոսքերը: APA լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, որ չնայած «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը 20 տարի շարունակվում է», միջազգային հանրությունը, հատկապես՝ Մինսկի խումբը, արդյունավետ նախաձեռնություններ չի ցուցաբերել հակամարտության կարգավորման համար:

Նրա խոսքերով՝ «խաղաղ կարգավորմանն ուղղված վճռական ու էֆեկտիվ քայլեր չկատարելը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի սրացմանը»:

Սաֆար Աբիևը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի պատրաստվում որևէ մեկին թեկուզ մի թիզ հող զիջել»:

«Խաղաղ կարգավորման համար միայն մեկ ճանապարհ կա՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: Այլ պայման մենք չենք պատկերացնում», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

APA-ն նշում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դեսպան Ուորլիքը նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է կարգավորման խաղաղ գործընթացը, իսկ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ՝ անվտանգության խնդիրները:

Նա նորից ընդգծել է ԱՄՆ-ի ցանկությունը՝ օգնել կողմերին հասնելու համար խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև կողմերի պարտավորությունները՝ համատեղ աշխատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնում է, որ ամերիկացի նորանշանակ համանախագահը սեպտեմբերի 10-ին կմեկնի Հայաստան:

57-ամյա Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահ է նշանակվել մոտավորապես մեկ ամիս առաջ: Նա փորձառու դիվանագետ է: Մինչև վերջերս Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալն էր, 2009-2012 թվականներին Ուորլիքը ծառայել է Բուլղարիայում իբրև Միացյալ Նահանգների դեսպան, ավելի վաղ՝ Պետդեպարտամենտում եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերով բյուրոյի տնօրենն էր:

Երբ նա Մինսկի խմբում համանախագահ նշանակվեց, ԱՄՆ-ի պետքարտուղարը իր հայտարարությունում նշեց, որ Ջեյմս Ուորլիքը առաջնակարգ դիվանագետ է: Ջոն Քերրին վստահություն էր հայտնել, որ այս կարևոր պաշտոնում նա հրաշալի աշխատանք կկատարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG