Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 7-ի մամուլ


«15-ամյա խեղկատակության ավարտը» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է.- «Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Մաքսային միությունը, ինչպես հայտնի է, ենթադրում է միասնական մաքսային տարածք, իսկ մաքսատուրքը գանձվում է սահմանի վրա։ Այսինքն այդ միության առանցքային գործոնը հենց պետությունների սահմաններ են, հետևաբար հարց է ծագում՝ ի՞նչ սահմաններով է Հայաստանը մտնում Մաքսային միություն։ Պարզ ասած՝ Ղարաբաղը նույնպե՞ս մտնում է։ Իհարկե, չի մտնում։ Ղազախստանը դա հաստատ չի հանդուրժի, Ռուսաստանն էլ չի ցանկանա հարաբերությունները փչացնել բիզնեսի գծով շահավետ հաճախորդ Ադրբեջանի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև, ասենք, Զաբուղ գյուղում լուրջ մաքսակետ պիտի կառուցվի, ընդ որում Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը պիտի իրավունք ունենան վերահսկել այդ անցակետը։ Հասկացա՞ք։ Եթե որևէ մեկը որոշի Ստեփանակերտից լոբի բերել Գորիսում վաճառելու, պիտի մաքսատուրք վճարի Մոսկվայում սահմանված դրույքաչափերով, էլ չենք խոսում հայ-իրանական և հայ-վրացական սահմանների մասին։ Դրանք, ըստ էության, դառնալու են ռուս-իրանական և ռուս-վրացական սահմաններ։ Իսկ ի՞նչ ենք ստանալու դրա փոխարեն։ Գո՞ւցե Ռուսաստանը թաքուն խոստացել է ապահովել Ղարաբաղի անվտանգությունը։ Գուցե խոստացել է, բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ բանակցությունների ժամանակ շոշափվել է նաև ղարաբաղյան կարգավորման հարցը։ Մի խոսքով՝ հիմնական պրոբլեմն այն է, որ Հայաստանն ակնհայտորեն զիջել է իր ինքնիշխանության զգալի մասը, բայց չի ասվում, թե հանուն ինչի է զիջել»։

Հակադարձելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեկվա հայտարարություններին՝ «Ժողովուրդ» թերթը գրում է.- «Փաստորեն, ըստ Բաղդասարյանի, ստացվում է, որ Հայաստանի իշխանություններին ամբողջ չորս տարի էր ուսումնասիրելու և հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիության հետ տնտեսական ինտեգրումը։ Դեռ լավ է նրանք հասցրին գլխի ընկնել, որ Եվրամիությունը «քըխ» է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց երկու ամիս առաջ։ Իսկ այ Մաքսային միության հարցում մեր չինովնիկների ուղեղն ավելի արագ է աշխատել, հավանաբար, ռուսներն ավելի լավ են բացատրել»։

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հեռանկարներին՝ «168 ժամ» թերթի մեկնաբանը գրում է.- «Առաջին հայացքից թվում է, որ մեզ համար իդեալական տարբերակ է, մեր «հիմնական» տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ ավելի կակտիվանան մեր հարաբերությունները, մեր ապրանքներն ավելի լավ պայմաններով կհայտնվեն ռուսական շուկայում, իսկ ներծումվող ապրանքների գներն էլ կէժանանան` շնորհիվ մաքսավճարների բացակայության: Սակայն, Հայաստանի առևտրատնտեսական առաջին գործընկերը Ռուսաստանը չէ, այլ ԵՄ-ն է: 2013թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 655 մլն դոլար, ԵՄ-ի հետ 809 մլն դոլար` 24 տոկոսով ավելի: Ընդ որում, ԵՄ հետ և ներմուծման և արտահանման ծավալները գերազանցում են Ռուսաստանի հետ ներմուծման և արտահանման ծավալները: Եվ ահա, այստեղից են սկսում մեր խնդիրները: Խիստ կասկածելի է, որ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների գները կէժանանան՝ հաշվի առնելով տնտեսության մոնոպոլացված վիճակը և այն իրականությունը, որ գնի էժանացման գործոնների ազդեցությունը սպառողների վրա գրեթե չի անդրադառնում: Իսկ ահա, միասնական մաքսավճարների համակարգի կիրառումը երրորդ երկրներից ներմուծման ժամանակ Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու և բերելու է գների բարձրացման»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.- «Հասարակական ակտիվիստների, ընդդիմադիրների, լրագրողների վրա հարձակվող «ծեծող բրիգադներ» Հայաստանում եղել են մշտապես: 90-ականների կեսերին նրանք կոչվում էին «երկրապահներ»: 2000-ականների սկզբին «ծեծող բրիգադները» սկսեցին կոչվել «օլիգարխների ախրաննիկներ» կամ «սափրագլուխներ», որոնք ընդդիմության հանրահավաքների ժամանակ ձվեր էին շպրտում, խժդժություններ սարքում, հարձակվում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների, լրագրողների վրա: Մի քանի «սափրագլուխներ» դրա համար ստացան թեթև, խորհրդանշական պատիժներ։ Թե որ «գերատեսչությանն են» պատկանում այսօրվա «գրոհայինները»՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է բոլոր վերոհիշյալ հրոսակախմբերի կապը իշխանության այս կամ այն օղակի հետ: Դրա ապացույցը, իհարկե, մարդկանց վրա հարձակվողների անպատժելիությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG