Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը կրկին փայլուն հաղթանակ տարավ


Չեխիա - Հայաստան հանդիպման ժամանակ գոլերի հեղինակներ դարձած Կարլեն Մկրտչյանը (աջից) և Տոմաշ Ռոսիցկին պայքարում են գնդակի համար, Պրահա, 6-ը սեպտեմբերի, 2013թ.
Չեխիա - Հայաստան հանդիպման ժամանակ գոլերի հեղինակներ դարձած Կարլեն Մկրտչյանը (աջից) և Տոմաշ Ռոսիցկին պայքարում են գնդակի համար, Պրահա, 6-ը սեպտեմբերի, 2013թ.

Հայաստանը, Չեխիային 2:1 հաշվով հաղթելով Պրահայում, պահպանում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի 7-րդ փուլում Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։

Հանդիպման 31-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Կարլեն Մկրտչյանը, 70-րդ րոպեին Տոմաշ Ռոսիցկիի հարվածից հետո հաշիվը հավասարվեց, իսկ խաղի վերջին րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գնդակը հաղթանակ բերեց հայաստանցի ֆուտբոլիստներին։

Սա Հայաստանի երկրորդ անընդմեջ հաղթանակն է ընտրական մրցաշարում։ Նախորդ փուլում, նույնպես արտագնա խաղում` Կոպենհագենում, Հայաստանի հավաքականը 4:0 խոշոր հաշվով պարտության մատնեց ևս մեկ ուժեղ թիմի՝ Դանիայի հավաքականին։

Անցկացրած 7 հանդիպումից հետո Հայաստանը 9 միավորով հավասարվեց աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող Չեխիային։

Առաջին երկու հորիզոնականները համապատասխանաբար 14 և 10 միավորով զբաղեցնող Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները, ինչպես նաև վերջին երկու տեղերում գտնվող Դանիայի և Մալթայի թիմերը այսօր հանդիպում են միմյանց հետ։

Մինչ ընտրական մրցաշարի ավարտը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երեք հանդիպում, սեփական հարկի տակ ընդունելով Դանիայի և Բուլղարիայի թիմերին՝ համապատասխանաբար սեպտեմբերի 10-ին և հոկտեմբերի 11-ին, և հոկտեմբերի 15-ին հյուրընկալվելով Իտալիային։
XS
SM
MD
LG