Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը կոնգրեսականներին կոչ է անում ընդդիմանալ Սիրիայի գործողությանը


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեկ Միացյալ Նահանգների Կոնգրեսում նամակ է շրջանառության մեջ դրել՝ օրենսդիրներին կոչ անելով դեմ հանդես գալ ԱՄՆ-ի կողմից Սիրիային հարվածներ հասցնելու որոշմանը:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ՝ նամակում խորը մտահոգություն է արտահայտված սիրիահայ համայնքի, ինչպես նաև ընդհանրապես սիրիացիների ճակատագրի կապակցությամբ:

«Մենք՝ որպես ամերիկահայեր, ցանկանում ենք մեր ձայնը միացնել մեր այն համաքաղաքացիների ձայներին, որոնք ընդդիմանում են [Սիրիային] ամերիկյան ռազմական հարվածներին և բռնության ահագնացմանը: Նման ահագնացումը, ամենայն հավանականությամբ, հետագա մարտահրավերներ կստեղծեր և հավելյալ լուրջ վնաս կպատճառեր քրիստոնյա համայնքին, այդ թվում՝ Սիրիայի հայ փոքրամասնությանը», - ասված է ամերիկացի կոնգրեսականներին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանի հղած նամակում:

«Արդեն իսկ անչափ շատ արյուն է հեղվել, եղել են անչափ շատ վայրագություններ և անչափ շատ տառապանք: Ագրեսիայի ահագնացումը ո՛չ կյանքեր կփրկի, ո՛չ կնպաստի խաղաղության հաստատմանը», - համոզմունք է հայտնում Հայ դատի հանձնախումբը:

Ամերիկահայերը նույնպիսի նամակով իրենց կոնգրեսականներին դիմելու հնարավորություն ունեն Հայ դատի հանձնախմբի կայքէջի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG