Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 5-ի մամուլ


«168 ժամ» թերթի խմբագրականում կարդում ենք․ - «Սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «ցանկության» մասին Մոսկվայում հայտարարելուց և վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր ստորագրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Անուղղակիորեն սա կարելի է համարել «Հայաստանի ցանկության» դիմաց Ռուսաստանի փոխհատուցումը Սերժ Սարգսյանին: Իշխանությունը, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է փոխել երկրի կառավարման կարգը՝ կիսանախագահական համակարգը փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ: Այդ սցենարի իմաստն այն է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո հնարավորություն ունենա պահպանել իշխանությունը՝ վարչապետի պաշտոնում: Ըստ էության, Մաքսային միությանն անդամակցելու «ցանկության» դիմաց Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինից ստացել է այդ հնարավորությունը»:

«Հայկական ժամանակը» տարակուսած է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ դրսևորած վարքագծից: Վերջինս արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ խուսափել է պատասխանել Մաքսային միությանն անդամակցելու մասին լրագրողների հարցերին և հեռացել: «Հայկական ժամանակն» այս կապակցությամբ գրում է․ - «Վարչապետի երեկվա պահվածքի ողջ հմայքն այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը և մինչև անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ պետք է անի տվյալ դեպքում Հայաստանի վարչապետը, որը դեմ է Մաքսային միությանը, բայց այնպես է ստացվել, որ երկիրը անդամակցելու է դրան: Դե իհարկե՝ դասական քաղաքագիտական կանոնների և արժանապատվության չգրված կանոնների համաձայն, պետք է հրաժարական տա, կամ պետք է ընդհանրապես հեռանա քաղաքականությունից, կամ պետք է ձևավորի և առաջնորդի մի քաղաքական ուժ, որը կփորձի գալ իշխանության և Հայաստանը տանել այլ ուղղությամբ, տվյալ դեպքում՝ դեպի Եվրոպա: Ի՞նչ է անելու Տիգրան Սարգսյանը, արդյո՞ք հրաժարական կտա»:

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է․ - «Վերջին երկու օրերի քաղաքական անցուդարձին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ժողովուրդը 20 տարի շարունակ ապրում էր ազատ, անկախ, ինքնիշխան երկրում, մեկ էլ հանկարծ մի օր երեկոյան հեռուստացույցը միացրեց ու տեղեկացավ, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը, ու հիմա հետին թվով աղմուկ-աղաղակ է բարձրացրել, թե՝ հարայ, հասեք, անկախությունը կորցրեցինք: Ինչ-որ բան կորցնելու համար նախ պիտի ունենալ այդ ինչ-որ բանը: Հայաստանն իր անկախությունը կորցնում էր 15 տարի շարունակ, ամեն օր ու ամեն ժամ: Հայաստանն իր անկախությունը կորցնում էր կեղծված ընտրություններով ու ընտրություններից ժամեր անց Ռուսաստանի իշխանությունների աջակցության համար շնորհակալություն հայտնելով, Հայաստանն իր անկախությունը կորցնում էր գույք պարտքի դիմաց ծրագրով բոլոր ռազմավարական ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելով և այլն: Խոսքը, հասկանալի է, իրական անկախության մասին է, որովհետև ձևական անկախություն Հայաստանը կունենա նաև Եվրասիական միությանն անդամակցելուց հետո: Այնպես որ, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ընդամենը թղթի վրա արձանագրել է իր և Ռոբերտ Քոչարյանի 15-ամյա համատեղ աշխատանքի արդյունքները»:

«Առավոտի» խմբագիրը հարցեր է հնչեցնում․ - «Քաղաքական և տնտեսական առումով ի՞նչ է շահում կամ ի՞նչ է կորցնում Հայաստանը՝ Մաքսային միության մեջ մտնելով, որո՞նք են ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համագործակցության դրական և բացասական կողմերը: Արդյոք իսկապե՞ս առաջին ուղղությունը իսպառ բացառում է երկրորդը: Ապա՝ ինչո՞ւ մեր իշխանությունը, որը, ի դեմս, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի, ամիսներ շարունակ ժխտում էր Մաքսային միությանը միանալու հավանականությունը, վերջերս 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը: Պուտի՞նն է ճնշել: Իսկ դրանից առաջ չէ՞ր ճնշում, կամ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում, որ կճնշի: Շատ կուզեի, որ մեզանում լինեին մասնագետներ, որոնք, առանց որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու, տային այդ հարցերի պատասխանները՝ չոր, տրամաբանական, էմոցիաներից զուրկ: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ խնդիրները լուսաբանեին նաև իրենք՝ իշխանավորները: Բացատրություններ պետք է տան առաջին հերթին վերը հիշատակված պաշտոնյաները՝ ինչո՞ւ, ո՞ր գործոնների ճնշման տակ նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը: Եվ այստեղ մենք մոտենում ենք, իմ կարծիքով, ամենակարևոր խնդրին: Իշխանությունը մեզանում իրեն պարտավորված չի զգում հաշվետու լինել քաղաքացիներին՝ բացատրելու իրենց քայլերի տրամաբանությունը: Հաշվետվություն պետք է տրվի ոչ թե Պուտինին կամ Քեթրին Էշթոնին, այլ ՀՀ քաղաքացիներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG