Մատչելիության հղումներ

Եվրոպան բացատրություններ է ակնկալում Հայաստանից


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանո
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանո
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը Մաքսային միությանն անդամակցելու մասին:

«Մենք այժմ քննարկում ենք երեկվա հայտարարությունը` Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկության վերաբերյալ: Մենք ակնկալում ենք Հայաստանից առավել մանրամասն պարզաբանումներ ստանալ այս հարցով, և երբ խորհրդակցությունները ավարտվեն և մեր հայ գործընկերները առավել մանրամասն բացատրություններ ներկայացնեն, թե որոնք են նրանց մտադրությունները և ինչպես են պատկերացնում հարաբերությունների հետագա զարգացումը, այդժամ մենք կանենք մեր եզրակացությունները», - ասել է նա:

«Ինչպես գիտեք, այս տարվա հուլիսին, երեքուկես տարի աշխատելուց հետո, մենք վերջապես ավարտեցինք Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի հետ: Այս համաձայնագիրը թույլ կտար Հայաստանին Եվրամիության աջակցությամբ առաջ տանել ընդհանուր արժեքների վրա հիմնված համակարգված մոդեռնիզացիայի եւ բարեփոխումների ծրագիրը, քաղաքական մերձեցումն ու տնտեսական ինտեգրացիան», - հայտարարել է Սթանոն և հավելել. - «Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու պայմանագիրը բարեփոխումների նախագիծ է և կարող է համատեղվել ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ»:

Փիթեր Սթանոն իրենց առավել ծավալուն պաշտոնական արձագանքի կոնկրետ ժամկետ չի նշել` հայտարարելով, որ երբ Հայաստանից ստանան բացատրություններ և մանրամասներ, այդ դեպքում կմեկնաբանեն:

Համանման բովանդակությամբ հաղորդագրություն է այսօր տարածել Եվրահանձնաժողովը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հարցին, թե արդյոք մոտ ժամանակներս հանդիպում նախատեսվում է Հայաստանի նախագահի կամ վարչապետի հետ, Փիթեր Սթանոն պատասխանել է, որ հանձնակատարը մասնակցելու է Երևանում մյուս շաբաթ նախատեսված Արևելյան գործընկերության նախարարների ոչ պաշտոնական հավաքին, եւ դա «լավ հարթակ է հանդիպելու բոլոր անհրաժեշտ մարդկանց»:

Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկի` Լեհաստանի արտգործնախարար Ռադոլսավ Սիկորսկին այսօր Բրյուսելում այսպես է արձագանքել Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը. - «Մենք կհետևենք` արդյոք այս դիրքորոշումը հաստատվում է, թե ոչ: Հայաստանը մեզ հետ բանակցել է ասոցացման ծրագրի շուրջ չորս տարի շարունակ, սակայն Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակում է, մենք հասկանում ենք Հայաստանի երկընտրանքը, և վերջիվերջո թե' Արևելյան գործընկերությունը, թե' Եվրոպական միությունը պարտադրված չեն. յուրաքանչյուր երկիր ունի իրավունք անդամակցել կամ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG