Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 4-ի մամուլ


Մամուլը լայնորեն արձագանքել է Մաքսային միությանը միանալու մտադրության մասին Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությանը:

«Ժամանակ»-ը գրում է. - «Դժվար է պատկերացնել, որ այս ամենից հետո որևէ միջազգային ատյանում կարող են լուրջ վերաբերվել Հայաստանին և դիտարկել որպես քաղաքական այս կամ այն զարգացման գործընկեր: Ասել, որ Հայաստանն աշխարհում ուներ մեծ քաղաքական վարկ ու հեղինակություն` լուրջ դեմքով կարող էին միայն երևի թե Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, և այս տեսանկյունից, իհարկե, խոսել հեղինակության ու վարկի կորստի մասին` այնքան էլ ճիշտ չէ: Սակայն նման իրավիճակում, եռացող աշխարհի պայմաններում հարկավոր են քայլեր, որոնք միտված կլինեն հեղինակություն ու վարկ կուտակելուն, ոչ թե չեղածի փոսը էլ ավելի խորացնելուն»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Եթե Սերժ Սարգսյանն արդեն կայացրել է իր որոշումը, ավելի ճիշտ` նրան հասկացրել են, որ ընտրություն չունի, վիլնյուսյան արարողությունը ձևական բնույթ է կրելու: Իսկ ահա Հայաստանում կտրուկ փոփոխություններ են լինելու: Երիտհանրապետականների ու Տիգրան Սարգսյանի կողմնակիցների դիրքերը կտրուկ թուլանալու են, ու Սերժ Սարգսյանը նորից հենվելու է բացառապես ոստիկանության ու քրեաօլիգարխիկ համակարգի վրա: Այսինքն` օլիգարխների դիրքերը նորից կտրուկ ուժեղանալու են, և հասարակական շարժումների դեմ պայքարն ավելի է կոշտանալու: Այնպես որ, թեժ աշունը կարելի է սկսված համարել»:

«Առավոտ»-ի հարցին՝ ի՞նչ պատասխան է տալու Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությունից հետո եվրոպական կառույցներին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. - «Պետք չի որևէ պատասխան տա եվրոպական կառույցներին: Որ տարիներ շարունակ ընդդիմությունը զգուշացնում էր, որ առանց դեմոկրատական ընտրությունների ընտրված ղեկավարության, նման իշխանության հետ չի կարող առաջընթաց լինել՝ չէին հավատում: Եթե իսկապես սա հենց այդպես էլ լինի, մեր ասածները ճիշտ կլինեն: Նույնիսկ աչք փակելու շատ բաների վրա օգուտ չտվեց: Եվրոպացիներն իրենք պետք է հետևություններ անեն»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նկատում է. - «Սկզբունքորեն, եթե խորը նայենք, ապա այս կամ այն միությանը «ինտեգրվելու» հիմնական խթանիչներից մեկը տնտեսական ու դրանից ածանցվող սոցիալական հարցերն են: Մշակութային և արժեհամակարգային դիտարկումները կարելի է շրջանցել, քանզի թե՛ քրիստոնեական Եվրոպայի հետ Հայաստանն ունի շատ ընդհանրություններ, թե՛ քրիստոնեական Ռուսաստանի: Օտարներ չենք: Իսկ այս թեմայով հուզախռիվ ճիչերի տրվելու նախանշաններ դրսևորողներին կարելի է բարեկամաբար հուշել՝ հարգելիներս, Հայաստանը ոչ Ռուսաստանից է երես թեքում, ոչ էլ Եվրոպային դարձնում յուր կռնակը: Հայաստանը գնում է իր ճանապարհով: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական նրբերանգներին, ապա ԵՄ Ասոցացման համաձայնագրի պարագայում (որից Հայաստանը, վերստին շեշտենք չի հրաժարվում և շարունակելու է գնալ դեպի այդ համաձայնագիրը) հիմնականում դոնորների կողմից որոշակի սատարում-հատկացման ակնկալիքն »:

«Հայկական ժամանակ»-ը հարցադրում է անում. - «Ինչ տարբերություն` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Անկախության կորստի տեսանկյունից` բացարձակապես ոչ մի տարբերություն: Եվ եթե իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը այսպես թե այնպես պետք է զիջի իր անկախությունը, ապա այստեղ ընտրությունը ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ է` ի՞նչ պետք է ստանա Հայաստանն անկախությունը զիջելու պարագայում, ի՞նչ արժեքային համակարգում պետք է հայտնվի, ինչպիսի՞ որակի տնտեսական տարածքում պետք է գործի: Եվ այստեղ է, որ կարելի է համեմատություններ անել»:

«Ժողովուրդ» թերթում կարդում ենք. - «Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանն իր այս քայլը ճշտե՞լ է Եվրոպայի հետ, երբ վերջերս մասնավոր այցով հայտնվեց Խորվաթիայում, թե՞ սա Եվրամիության համար անակնկալ էր: Համենայն դեպս, այս ողջ ընթացքում Սերժ Սարգսյանը փորձել է Հայաստանի իբր դեպի եվրաինտեգրացիայի մասին հայտարարություններն օգտագործել բացառապես իր իշխանությունը պահելու նպատակով` այդպես փորձելով եվրոպացիներից լեգիտիմություն կորզել: Հիմա նույնն է անում նաև Ռուսաստանի հետ խաղում»:

«Ազգ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը հաստատապես խնդիրներ է առաջ բերելու եվրոպական ուղղությամբ, այն էլ` բավականին լուրջ: Որևէ պարագայում պետք չէ ենթադրել, թե զգալի ներդրումներ արած ու եվրոպական ինտեգրման ուղղությամբ բարեփոխումների ողջ ընթացքին աջակից Եվրոմիությունն ուղղակի կհամաձայնի Հայաստանի այսպիսի դիրքորոշմանը, անգամ եթե հայ պաշտոնյաները բերեն աշխարհի բոլոր հիմնավոր ու անհիմն փաստարկները, այն պարզ պատճառաբանությամբ, որ բավականին երկար տևած ու ավարտին հասցված Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին հատկացված ժամանակահատվածը, փաստացի, կդառնա վատնված: Իսկ պրագմատիկ Եվրոպայում հատկապես միջոցների վատնումը ոչ ընդունելի է, ոչ էլ հեշտությամբ ներելի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG