Մատչելիության հղումներ

Ուսանողները սեպտեմբերին պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել


Վարձավճարների թանկացումը ուսանողներին կրկին բերել էր կառավարության շենք
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ բողոքի ցույց անցկացնող ակտիվիստներին ուսանողների համար Կառավարության մշակած սոցիալական փաթեթը չի բավարարում։

Խնդիրը այն է, որ ԱԺ-ի կողմից այն ընդունվելու դեպքում անգամ նոր ուսումնական տարում բուհեր ընդունված ուսանողների վրա այն չի ազդելու․ նրանք ստիպված են լինելու վճարել արդեն բարձրացված վարձավճարները։

Ուսանողները այս որոշումը ապօրինի են համարում, իսկ այն պնդումները, թե վարձավճարների բարձրացմամբ բարձրանալու է նաև կրթության որակը, նրանք չեն ընդունում։ Օրինակ, ուսանողների համար անհասկանալի է, թե ինչպես են պատրաստվում բուհերը բարձրացնել կրթության որակը, երբ նույն ուսումնական հաստատություններում դասախոսական կազմի փոփոխություններ չեն սպասվում։

Երեկ այս թեմային էր անդրադարձել նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցելելով ԿԳՆ՝ նախագահը հանձնարարել էր արագացնել ուսանողների համար նախատեսված սոցիալական փաթեթի մշակման և ընդունման աշխատանքները։ Ուսանողների համոզմամբ, այս սոցիալական փաթեթը ընդամենը «փափուկ բարձ» է, որով փորձում են մեղմել օրեցօր աճող բողոքի ալիքը։

Բողոքի ակցիային էր մասնակցում նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե Կառավարության մշակած ծրագրերը բավարար չեն։ «Ժառանգության» պատգամավորները պատրաստվում են հարցը բարձրացնել ԱԺ-ում:

Ուսանողները նաև իրենց պահանջներով նամակ էին պատրաստել, որը ցանկանում էին հանձնել ԿԳ նախարարին։ Կառավարության նիստին շտապող նախարար Արմեն Աշոտյանը բողոքող ուսանողներին կոչ արեց նամակը սորագրել և թողնել ընդունարանում։

Արմեն Աշոտյանը Կառավարությանը ներկայացրեց սոցիալական փաթեթը, որը, ինչպես պարզվեց նրա խոսքից, դեռ լրամշակման կարիք ուներ։

ԱԺ ներկայացվելիք սոցիալական փաթեթի ընդունման դեպքում, սպասվում է, որ կավելանան բուհերի կողմից ուսանողներին տրամադրվելիք զեղչերը, այդ նպատակով ֆինանսական միջոցներ կառանձնացնի նաև պետությունը։

Քննարկվեց նաև բուհերի կողմից վարձավճարների ամսական վճարման մեխանիզմ սահմանելու հնարավորությունը:

Կառավարության նիստի ընթացքում դրսում բողոքող ուսանողները երթով շարժվեցին բոլոր այն բուհերը, որտեղ ուսման վարձավճարները բարձրացել են։ Նրանք խոստացան, որ սեպտեմբերին ակցիաները նոր թափ են հավաքելու։

Այս պահին արդեն հայտնի է որ ուսանողական երկու խմբեր նոր ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրը պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել: Ապագայում չի բացառվում նաև դասադուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG