Մատչելիության հղումներ

Օգոստոսի 27-ի մամուլ


Մամուլը շարունակում է արձագանքել Երևանի բնակիրչների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ վերջին օրերին առավել հաճախակի դարձած բողոքի ակցիաներին:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականն ընդհանրացնում է. - «Ցավով պետք է նկատել, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերաբերվում են բոլորին, այդ թվում՝ բողոքի ակցիաները մահակներով ճնշող ու ակտիվիստներին «ջանասիրաբար» բերման ենթարկող ոստիկաններին: Այսօրվա անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտից, անվերջանալի թանկացումներից տուժում են թե' քաղաքացիական ակտիվ կեցվածք ցուցաբերող անձինք, թե' այդ քաղաքացիների դեմ դուրս եկած ոստիկանները, թե' իշխանությունները, թե' ընդդիմությունը: Երկրում տիրող իրավիճակից տուժում են բոլորն անխտիր»:

«168 ժամ»-ը գրում է. - «Հասարակության ընկալման առումով համակրանքը, բնականաբար, քաղաքացիական նախաձեռնությունների, տարբեր օջախներում պայքարի առաջին գծում գտնվող ակտիվիստների կողմն է, ինչը միանգամայն բնական և հասկանալի է, հատկապես քաղաքական ուժերի անգործության պայմաններում: Սակայն որքան էլ արդարացված, շատերի այդ համակրանքը վերափոխվել է քաղաքականությունը քաղաքացիականությամբ փոխարինելու թեզի, ինչը որոշակի շրջանակների կողմից նաև ակտիվորեն քարոզվում է: Այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ակտիվիստների դերը չափազանց մեծ է, անգամ քննարկման առարկա չէ: Սակայն դա մեխանիկորեն չի նշանակում, որ քաղաքական համակարգը պետք է փոխարինել քաղաքացիական միավորներով, ինչը վերջերս քննարկման նյութ է դարձել շատ որոշակի շրջանակներում»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հիմա փաստորեն կռիվ է գնում բիզնես ունեցողների և բոմժերի միջև: Ինչ վերաբերում է հասարակական կարգը պահպանելուն, ապա հասկանալի է, որ իրավապահների համար դա ընդամենը իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին ծեծելու պատրվակ է: Ի՞նչ է պատահել, մարդիկ են, թող ի նշան բողոքի Կոմիտասի պողոտան մի կես ժամով փակեն. պետականության հիմքերը դրանից հաստատ չեն խարխլվի: Բաղրամյան պողոտան, օրինակ, օրական առնվազն երկու անգամ փակվում է, երբ Սերժ Սարգսյանը գնում է աշխատանքի և վերադառնում է տուն»:

«Հրապարակ» թերթը վերհիշում է. - «Կոմիտաս 5 հասցեում բարձրահարկի կառուցման պատմությունը հին է՝ առնվազն 4-5 տարվա: Չգիտես ինչու, մայրաքաղաքի տարբեր հատվածները հեշտությամբ օլիգարխներին ու բարբարոս կառուցապատողներին զիջած մեր հանրությունն այս մի շենքի պարագայում շատ հետևողական գտնվեց: Ամեն անգամ, երբ այստեղ փորձել են շինարարությունը սկսել, աղմուկ է բարձրացել: Պայքարի արդյունքում բնակիչները հասել են այն բանին, որ հարկայնությունը 14-ից նվազեցվել է 7-ի, ենթակայանը տեղափոխվել է, նախագիծը` փոխվել, բայց պայքարը շարունակվում է: Բնակիչների աղմուկից սարսափող Տարոն Մարգարյանն ընդհանրապես կարգելեր շինարարությունը, եթե կառուցապատողն անձամբ Սերժ Սարգսյանի թույլտվությունն ստացած չլիներ»:

«Հայոց Աշխարհ» թերթը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ) հետ զրույցում նկատել է տալիս, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը հաճախ ընկալվում է Արևմուտք – Ռուսաստան հակասությունների հարթության մեջ: Զաքարյանի պատասխանը. - «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իր արտաքին քաղաքականությունը վարում է՝ հաշվի առնելով ավանդական կապերը և նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները, փորձում զարգացնել իր արտաքին հարաբերությունները՝ դրանից ունենալով շոշափելի արդյունքներ և' տնտեսության, և' սոցիալական, և' մշակութային, և' արժեքային դաշտում, և' լավագույն կամ հաջողված փորձի ներդրման, և' տարբեր տեսակի ֆինանսական ներդրումների և տեխնոլոգիական առաջընթացի առումով։ Այսինքն՝ սա ոչ թե արտաքին հարաբերությունների հատվածական դրսևորում է, այլ բազմավեկտոր քաղաքականություն, որ իրականացնում են այսօր հարյուրավոր պետություններ։ Համագործակցության, արտաքին քաղաքականության բուն էությունն էլ հենց այդ է»։ Հարց. - «Ձեր գործընկերները նշում են, որ մենք էապես տարբերվում ենք եվրաասոցացման ճանապարհով գնացող մյուս երկրներից նրանով, որ ՀԱՊԿ անդամ ենք, Ռուսաստանի մերձավորագույն ռազմավարական, ռազմատեխնիկական դաշնակիցը։ Սա անհարմար վիճակ չի՞ ստեղծում մեզ համար Ռուսաստանի հետ հարաբերություններում»։ Արտակ Զաքարյանի պատասխանը. - «Մեր ամենամեծ սխալն այն է, որ ի սկզբանե գնացինք հակասություններ փնտրելու ճանապարհով։ Որպես «Արևելյան գործընկերության» անդամ պետություններ, և' Ուկրաինան, և' Վրաստանը, և' Մոլդովան, և' Հայաստանը, և' Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք այս փուլում ընդգրկված չեն այս գործընթացում, ունեն ընդհանուր նպատակներ, բայց կան նաև տարբերություններ՝ պայմանավորված այն գործոններով, որոնք կարող են հակազդել կամ խոչընդոտել ասոցացման քաղաքականությանը։ Մենք հակված ենք խնդիրը դիտարկել Հայաստանի շահերի տեսանկյունից։ Այս առումով բնականաբար մեր թիվ մեկ գերխնդիրը անվտանգությունն է, որի առանցքը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն է ՀԱՊԿ շրջանակներում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG