Մատչելիության հղումներ

Թուրքիան «կմասնակցի հակասիրիական կոալիցիայի ձևավորմանը նույնիսկ առանց ՄԱԿ-ի մանդատի»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասուլիսի ժամանակ, հունիս, 2013թ․
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասուլիսի ժամանակ, հունիս, 2013թ․

Դավութօղլուն այս մասին հայտարարեց, երբ ՄԱԿ-ի փորձագետների խումբը դեռ նոր է ժամանում Դամասկոսի արվարձաններ:

Ըստ ամենայնի՝ առաջիկա օրերը որոշիչ կլինեն սիրիական պետության և այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ապագայի համար: Արդեն մի քանի օր է, ինչ արևմտյան առաջատար պետություններն ու Սիրիային սահմանակից երկրների ղեկավարները ակտիվ բանակցություններ են վարում` այդ երկրի նկատմամբ հետագա ռազմավարությունը հստակեցնելու համար:

Դամասկոսի մերձակայքում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառվեց, օտարերկրյա միջամտության հավանականությունը ավելի քան հավանական է դարձել:

Մի քանի ժամ առաջ թուրքական Milliyet-ը փոխանցեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի խոսքերը․ - «Մենք կմասնակցենք հակասիրիական կոալիցիային, եթե անգամ միջազգային հանրությունը չկարողանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միասնական տեսակետ ձևավորել այս հարցի շուրջ»:

Դավութօղլուն հատուկ ընդգծել է, որ այսօր աշխարհի առնվազն 36-37 պետություններ քննարկում են առանց ՄԱԿ-ի մանդատի Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցը:

«ՄԱԿ-ի որոշումների հիման վրա միջազգային հանրության հետ համատեղ իրականացված գործողությունները միշտ էլ եղել են Թուրքիայի առաջնահերթություններից մեկը: Բայց եթե այս անգամ նման որոշում չլինի, մենք կդիտարկենք այլընտրանքային որոշումների հնարավորությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուշագրավ է, որ թուրքական դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունները հնչեցին այն պահին, երբ ՄԱԿ-ի փորձագետների խումբը դեռ նոր է ժամանում Դամասկոսի արվարձաններ, որտեղ տեղի է ունեցել ավելի քան 300 մարդու կյանք խլած ողբերգությունը:

Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը մեծապես կախված է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: Շաբաթ օրը, սակայն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն առայժմ փորձելու է գործել ՄԱԿ-ի շրջանակներում:

«Եթե Միացյալ Նահանգները պատրաստվում է հարձակվել մեկ այլ պետության վրա առանց ՄԱԿ-ի մանդատի և առանց հստակ ապացույցների, այդ դեպքում մեկ այլ հարց է ծագում` որքանով է այդ քայլը համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Եվ, ի վերջո, արդյոք մենք այդ քայլին դիմելու համար այսօր միջազգային կոալիցիա ունենք ձևավորված», - նշել է Օբաման շաբաթ օրը:

Չնայած Օբամայի կողմից որդեգրված սպասողական վիճակին` Սպիտակ տանը ռազմական գործողությունների հավանականությունը իսպառ չեն բացառում:

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է․ - «Նախագահ Օբաման դիմել է պաշտպանության նախարարությանը` իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակների դեպքում գործողությունների ծրագիր մշակելու հրահանգով: Մենք դա արել ենք և պատրաստ ենք իրագործել ցանկացած տարբերակը, որ նա կընտրի»:

Արևմտյան և ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սիրիայի դեմ ամենահավանական հարձակումը կարող է իրականացվել Միջերկրականում գտնվող ամերիկյան Nimitz ավիակրից:

Financial Times-ի տեղեկություններով՝ հարձակումները կարող են իրականացվել արդեն այս շաբաթ: Դրանք, ըստ ամենայնի, ռեակտիվ հրթիռներով Սիրիայի կառավարական բանակին պատկանող առանցքային օբյեկտների «կետային» ռմբակոծությունների տեսք կկրեն:

Սիրիայի նախագահը, սակայն, պնդում է, որ օտարերկրյա ներխուժումը հաջողությամբ պսակվել չի կարող:

Ռուսական Известия-ի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում Բաշար Ասադը նշել է․ - «Մեզ մեղադրում են, որ կառավարական բանակը քիմիական զենք է կիրառել զինյալների հսկողության ներքո գտնվող տարածքում: Իրականում այդ շրջանում չկա հստակ ռազմաճակատի գիծ: Ուզում եք ասել, որ մենք քիմիական զենք ենք կիրառել մի շրջանում, որտեղ կենտրոնացած են մեր իսկ բանակի ստորաբաժանումնե՞րը: Նման պնդումները հակասում են տարրական տրամաբանությանը»:

«Միացյալ Նահանգներին [Սիրիայում], ինչպես և իրենց հրահրած բոլոր մյուս պատերազմներում` Վիետնամից մինչ օրս, ձախողում է սպասում: Ամերիկան բազմաթիվ պատերազմներ է սկսել, սակայն դրանցից և ոչ մեկում չի կարողացել հասնել քաղաքական այն նպատակներին, հանուն որոնց իրագործման սկսել էր այդ պատերազմները», - հայտարարել է Ասադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG