Մատչելիության հղումներ

Բուդաղյանի պաշտպանի խոսքով, ուշադրությունը շեղում են «իրական մեղավորներից»


Հարցաքննությունից «հրաժարվելու» ՊՆ պնդումը Բուդաղյանի պաշտպանը որակում է «գրոհ»
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության տրամադրության տակ գտնվող տեսանյութն, ըստ համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացության, մոնտաժված չէ:

ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, թե տեսանյութում փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և սպառնալիքի մեջ մեղադրվող, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, փորձաքննությունն ամրապնդում է Արտակ Բուդաղյանի տված ցուցմունքը:

Ավետիք Բուդաղյանին սպանելու մեջ մեղադրվող, Սյունիքի նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեռ ամբողջությամբ չի ծանոթացել փորձաքննության եզրակացությանը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նաև նշված է, թե եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի և 3 վկայի հետ:

Հայկ Ալումյանը, սակայն հերքեց պնդումը, թե Արտակ Բուդաղյանը հրաժարվել է առերես հարցաքննությունից, միևնույն ժամանակ՝ գնահատեց պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված պնդումը․ - «Սա նշանակում է բացարձակ ապատեղեկատվություն: Նպատակը հետևյալն է՝ վերջին մի քանի օրը էլի մեծ գրոհ է ձեռնարկվել հօգուտ Խաչատրյանների: Նախ՝ Արտակ Բուդաղյանը ցուցմունք տալուց չի հրաժարվել, պարզապես ինքը ցուցմունք է տվել մինչև տեսանյութին ծանոթանալը, ինչը էլ ավելի արժանահավատ է դարձնում իր ցուցմունքները»:

Ըստ հաղորդագրության, մեղադրյալ Արտակ Բուդաղյանն այսօր, ժամը 10:00-ին կրկին հրավիրվել է հարցաքննության: Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը՝ Ռուբեն Սահակյանը, պաշտոնական հաղորդագրության հրապարակումից ժամեր անց «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իր վստահորդի հարազատները սպասում են Արտակ Բուդաղյանի հետ առերես հարցաքննության: Ռուբեն Սահակյանն ասաց, թե հայտնի չէ պատճառը, թե ինչու տեղի չեն ունենում առերես հարցաքննություններ:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Բուդաղյանը ծանուցագիր չի ստացել: Պաշտպանության նախարարության քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արտակ Բուդաղյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ արձանագրություն է կազմվել: Հայկ Ալումյանը պնդեց, որ ինքը արձանագրության մեջ գրել է, որ տվյալ հարցաքննությանը չի կարող մասնակցել զբաղվածության պատճառով և խնդրել է նախապես՝ 2֊3 օր առաջ տեղեկացնել հարցաքննության օրվա մասին:

Իսկ նախքան արձանագրությունը, երեկ, ըստ Հայկ Ալումյանի, հինգ ժամ քննչական գործողությունների մասնակցած Արտակ Բուդաղյանը 38 աստիճան ջերմության պատճառով խնդրել է հարցաքննություններն անցկացնել մեկ այլ օր և իրեն հնարավորություն տալ գնալ Սիսիանի հոսպիտալ:

Քրեական գործը հարուցվել էր հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանության փաստի առթիվ:

Խաչատրյանների տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, ով նաև Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպանն է, ասում է, թե նախաքննության այս փուլում ամեն ինչ արվում է սպանության փաստից շեղվելու համար:

«Կարծեք թե հիմա այդ մահը, ամեն ինչը թողած մի կողմ, ամեն ինչ կենտրոնացել է Արտակ Բուդաղյանի վրա: Բոլորի ուշադրությունը կարծեք շեղում են իրական մեղավորներից, իրական կարևոր փաստերից: Այդ ամեն ինչը այդ նույն սցենարի բաղկացուցիչ մասն է՝ ամեն գնով, չխորշելով որևէ մեթոդից, օգնել Սուրիկ Խաչատրյանի կողմին», ֊ ասում է Ալումյանը, հավելելով, որ Բուդաղյանները օրենքով թույլատրված բոլոր միջոցները գործադրելու են, որ այդ սցենարը չաշխատի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG