Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները միասնության կոչ են անում քաղաքական բոլոր ուժերին


Ազատամարտիկները քաղաքական ուժերին միասնության կոչ են անում
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00
Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկներն արդեն չորրորդ հանրահավաքն են անցկացնում։ Նրանք ակնկալում են քաղաքական բոլոր ուժերի համախմբումը՝ համատեղ ջանքերով Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտին, կոռուպցիային, անարդարությանը վերջ տալու գործում։

Քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր «Ժառանգությունն» է աջակցություն հայտնել նրանց: Այսօրվա հանրահավաքին մասնակցում էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես իր ելույթում միասնության կոչ արեց գործընկեր քաղաքական ուժերին։

Մինչև հանրահավաքը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցներում ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանն ու Խաչիկ Ավետիսյանն ասում էին, թե դեռ որոշ ժամանակ էլ կսպասեն, դեռևս իշխանափոխության կոչեր չեն հնչեցնում, հույս ունեն, որ իշխանությունները կանսան իրենց կոչին ու կսկսեն աշխատել այնպես, որ Հայաստանը փրկեն կործանման վտանգից։

«Նրանք հիվանդ են, ու նրանց բուժում է պետք` մեծ կամ փոքր ասեղով, դա կախված է բուժման իրենց ցանկությունից», - պատկերավոր ասում է Սարգսյանը:

Սարգսյանը հավելում է, որ իշխանությունները սկսել են խանգարել իրենց՝ ազատամարտիկների մեկ այլ խմբի իրենց դեմ են օգտագործում։

Իրենց սոցիալական պայմաններից դժգոհող ազատամարտիկները երեք ամիս առաջ հացադուլներ, նստացույցեր և բողոքի այլ ակցիաներ սկսեցին: Սակայն վերջին շրջանում ազատամարտիկների շարքերում միասնություն չկա. նրանց մի մասը կարծում է, որ իրենք պետք է բավարարվեն բացառապես սոցիալական հարցեր բարձրացնելով: Ազատամարտիկների այս թևը չի մասնակցու Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին:

Ազատամարտիկների բողոքի ակցիաների արդյունքում պաշտպանության նախարարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը սկսել է քննարկել ղարաբաղյան պատերազմի վետերանների բարձրացրած հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG