Մատչելիության հղումներ

Ուսանողները մտադիր են սեպտեմբերին դասադուլ անել


Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում բուհերի վարձավճարների բարձրացման դեմ :

Նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարին նամակով ներկայացրել են երկու պահանջ` կասեցնել վարձերի բարձրացման որոշումը և ուսանողներին չդիտարկել որպես խոշոր հարկատուներ` բուհերի ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Անդրադառնալով խնդրին՝ նախարարն արձագանքեց, որ բուհերի հարկերը գոյանում են սոց վճարների հաշվին:

Արմեն Աշոտյանը նշեց, որ բուհերը վարձերի բարձրացմանը ստիպված են գնացել, նրանք ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, քանի որ տարեցտարի նվազում է դիմորդների թիվը և հավելեց, որ իրենք աջակցելու են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, զորացրված երիտասարդներին, տրամադրելու են 50-100 տոկոս զեղչեր, սահմանելու են ուսման վարձավճարի վերին շեմ, ավելացնելու են պատպատվերով տեղերը:

Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերի., ասաց, որ խնդիրը քննարկելու է միայն ուսանողների հետ:

Երիտասարդների հարցին, թե արդարացված է համարում արդյոք թանկացումները, Արմեն Աշոտյանը արձագանքեց. - «Իմ նպատակն է, որպեսզի պետության քաղաքականության արդյունքում ուսանողության վրա պետության ծախսվելիք գումարը ավելի մեծ է լինելու, քան այն գումարը, որ հավաքագրվում է լրացուցիչ ուսման վարձերի բարձրացման արդյունքում»:

Ի դեպ այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

Ուսանողները նախարարի հետ քննարկումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ չեն կարծում, թե բուհերի վարձավճարների բարձրացման որոշումը չեղյալ համարվի, նախարարի հետ զրույցից հասկացան, որ ի վերջո իրենք ստիպված են լինելու վճարել արդեն սահմանված գներով:

Ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի հոմոզմամբ, ռեկտորների այն հիմնավորումները, թե վարձերի բարձրացման շնորհիվ կբարձրացնեն նաև կրթության որակը, բուհերը կզինվեն համապատասխան սարքավորումներով, մասնագետները կվերապատրաստվեն, կբարձրացվեն դասախոսների աշխատավարձերը, այնքան էլ համոզիչ չեն:

Երիտասարդներն ասացին, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում սեպտեմբերին պատրաստվում են դասադուլ անել` հորդորելով մյուս ուսանողներին միանալ իրենց շարժմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG