Մատչելիության հղումներ

ԼՂ-ում երկու ձևով են մեկնաբանում Թուրքիայի նախագահի հայտարարությունը


Ստեփանակերտի հրապարակներից մեկը, արխիվ
Ստեփանակերտի հրապարակներից մեկը, արխիվ

Լեռնային Ղարաբաղը պատրաստ է քննարկել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովներից մեկը իր մոտ անցկացնելու հարցը:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հույս էր հայտնել, որ թյուրքալեզու պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովներից մեկը հնարավոր կլինի անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Գյուլը նման հայտարարություն արել էր Ադրբեջանի Գաբալա քաղաքում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խոսքերը, նշեց, որ հայտարարությունը կարելի է երկու ձևով ընկալել: Առաջին տարբերակում, եթե Գյուլն իսկապես ցանկանում է նման միջոցառում անցկացնել Ղարաբաղում, իրենք պատրաստ են քննարկել այդ հարցը․ - «Եթե պաշտոնական Անկարան, պաշտոնական Բաքուն, մնացած թրքալեզու պետությունները պաշտոնապես ճանաչում են Արցախի Հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն, և համապատասխան դիմում են պաշտոնական Ստեփանակերտին՝ աջակցելու մեր քաղաքներից մեկում նման միջոցառում անցկացնելու, ինչպես, օրինակ, տեղի է ունենում Շվեյցարական Դավոսում, մենք կարող ենք քննարկել այդ հարցը և աջակցել այդ պետություններին»:

Երկրորդ տարբերակում, ըստ ԼՂ նախագահի խոսնակի, կարելի է հասկանալ, որ Գյուլը նման հայտարարությամբ փորձում է անկայունություն հրահրել տարածաշրջանում, ինչը, Բաբայանի գնահատմամբ, շատ վտանգավոր է:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ
ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան, արխիվ
«Նման հայտարարությունները արդեն լուրջ մտածելու տեղիք են տալիս և ոչ միայն հայկական պետությունների, այլ նաև միջազգային հանրության համար», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը, - «Քանի որ Թուրքիան հանդիսանում է մի շարք կազմակերպությունների անդամ, ասենք՝ ՆԱՏՕ-ի, նրա նախագահի նման հայտարարությունը, որը փաստորեն հրահրում է Ադրբեջանին, կամ ինչ-որ ձևով նաև քողարկում է նրա ագրեսիան, սատարում է նման ագրեսիվ պահվածքին, ապա իրոք անհրաժեշտ է, որ այդ կազմակերպությունները և միջազգային հանրությունը ընդհանրապես արձագանքի այսպիսի հայտարարություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG