Մատչելիության հղումներ

Այսօր էկրաններ է բարձրանում Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը


ԱՄՆ - Սթիվ Ջոբսը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող կոնֆերանսի ժամանակ ցուցադրում է նոր iPhone 4-ը, հունիս, 2010թ․
ԱՄՆ - Սթիվ Ջոբսը Սան Ֆրանցիսկոյում անցկացվող կոնֆերանսի ժամանակ ցուցադրում է նոր iPhone 4-ը, հունիս, 2010թ․

Լայն հանրության համար ֆիլմի ցուցադրությունից առաջ քննադատները հիասթափված են արտահայտվում դրա մասին:

Այսօր համաշխարհային էկրաններ կբարձրանա «Ջոբս» կենսագրական ֆիլմը, որ պատմում է Apple ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի մասին:

Ջոբսը մահացավ 2011 թվականի հոկտեմբերին՝ 56 տարեկանում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:

Ֆիլմում ներկայացված են Ջոբսի կյանքի հիմնական փուլերը` սկսած 1970 ականներից՝ Apple ընկերության հիմնադրումից մինչև 2001 թվականը, երբ ներկայացվեց առաջին iPOD-ը:

Սթիվ Ջոբսին ֆիլմում մարմնավորում է հոլիվուդյան դերասան Էշթոն Քաթչերը, ով հայտնի է «Իմ տնօրենի աղջիկը», «Թիթեռի էֆեկտ» ֆիլմերից:

Կենսագրական այս ֆիլմի ռեժիսորը Ջոշուա Մայքլ Սթերնն է, իսկ սցենարիստը լայն հանրությանը քիչ հայտնի Միթ Ուայթլին է՝ այս ֆիլմը, ի դեպ, նրա դեբյուտն է որպես սցենարիստ:

Լայն հանրության համար ֆիլմի ցուցադրությունից առաջ քննադատները բավական հիասթափված են արտահայտվում դրա մասին:

USnews-ը, օրինակ, գրում է, որ, ցավոք, կենսագրական այս ժապավենը որևէ նոր բան չի բերում Սթիվ Ջոբսին հասկանալու և նրա ժառանգությունը ընկալելու առումով:

Ժապավենը որևէ կերպ չի անդրադառնում Ջոբսի մտորումներին, փոխարենը՝ Ջոբսի կենսագրության արդեն լավ հայտնի և անգամ ծամծված հատվածների վրա է հիմնվում: Ընդհանուր առմամբ, ֆիլմը ձանձրալի կերպով պարզապես շարադրում է Ջոբսի կարիերայի սկիզբն ու նրա հետագա հաջողության պատմությունը:

Guardian-ի կինոբլոգում առավել անկեղծ գնահատականներ են՝ «Ջոբս» ֆիլմը պարզապես բանի պետք չէ, եզրակացնում է այն դիտած քննադատը՝ նշելով, որ ժապավենի ամենամեծ խնդիրն այն է, որ այն ցույց չի տալիս իրականությունը, այլ պարզապես ներկայացնում է մի այնպիսի Սթիվ Ջոբս, որ մարդիկ ցանկանում են տեսնել:

Քննադատը անդրադառնում է նաև Քաթչերի խաղին՝ նշելով, որ այս դերասանը թեև արտաքնապես նման է Ջոբսին, սակայն այդպես էլ չի կարողանում մտնել նրա կերպարի էության մեջ, թափանցել մինչև հոգու խորքը: «Քաթչերը լավ ընդօրինակել է Ջոբսի շարժուձևը, որ բոլորս տեսել ենք նրա հրապարակային ելույթների ընթացքում, բայց դժվար թե նա նույն ժեստերն աներ իր ընկերուհու հետ հարաբերությունները խզելիս», - նկատում է Guardian-ի քննադատը և հավելում, որ վատ խաղի պատճառը թե՛ Քաթչերի տաղանդն է կամ դրա բացակայությունը, թե՛ այն նյութը, որ տրվել է իրեն:

Ֆիլմն այդպես էլ որևէ անձնական պահ չի բացահայտում, անգամ Ջոբսի մահացու հիվանդության մասին խոսք չկա, փոխարենը՝ մանրակրկիտ ներկայացնում է գրասենյակային ինտրիգները:

Ֆիլմի մասին արտահայտվել է նաև Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը՝ ասելով, որ այն, թե ինչպես են իրենց ներկայացրել, շատ հեռու է իրականությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG