Մատչելիության հղումներ

Օգոստոսի 12-ի մամուլ


Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան կատարելիք այցին` lragir.am-ը գրում է. - «Պուտինն այցելում է առաջինն այն պետություն, որը նրան հետաքրքիր է: Այսինքն, ներկայում ՌԴ-ի համար ավելի կարևոր պետություն է Ադրբեջանը: Պուտինի Բաքու կատարելիք այցը փաստում է դա: Ռուսաստանը գնում է այնտեղ իր էներգետիկ, տնտեսական և քաղաքական շահը սպասարկելու համար: Մինչդեռ, Հայաստանում Ռուսաստանը պակաս խնդիրներ չունի: Վերջին շրջանում Մոսկվայի գործողությունները Հայաստանում առաջ են բերել հասարակական բավական բացասական արձագանք, ու թեև Ռուսաստանի գործողությունների հանդեպ հասարակական վերաբերմունքի հաշվեկշիռը Հայաստանում դեռևս դրական է, այդուհանդերձ միտումներն այնպիսին են, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում այդ դրական հաշվեկշիռը կարող է փոխվել, քանի որ Հայաստանի ավելի ու ավելի լայն հասարակական շերտեր են հասկանում, որ Ռուսաստանն իր քաղաքականությամբ ավելի շատ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար՝ ռիսկեր ու սպառնալիքներ, քան չեզոքացնում եղածները»:

«Աղմուկի մեխանիկան» վերնագրված վերլուծականում 1in.am-ը, անդրադառնալով հարցին, թե ինչու դեռևս մայիսի 20-ին ընդունված «Գենդերային հավասարության մասին» օրենքն այժմ է աղմուկ բարձրացնում, գրում է. - «Այսպես ասած, սեռական այլասերության թեմայով քննարկումները հետապնդում են երկու կարևոր նպատակ: Առաջին հերթին դրանք հասարակական էներգիա և եռանդ վատնելու փորձված տարբերակ են: Հատկապես այն բանից հետո, երբ տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարում եղավ աննախադեպ արդյունավետ բազմազանությամբ մոբիլիզացում, իշխանությունների համար սրվեց հասարակությունը ինչքան հնարավոր է արագ տարբեր ճակատների բաժանելու խնդիրը, քանի այլ հարցեր էլ չեն դրվել իշխանությունների առաջ: Դե, բնական է, որ գլխավոր կամ միակ այլասերողի դերում ներկայացվում է Եվրոպան, որի հետ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիր նոյեմբերին: Ամենայն հավանականությամբ, հենց նոյեմբերյան այդ հեռանկարն էլ դարձել է Հայաստանում ընդունված օրենքի շուրջ հետահայաց աղմուկի բուն պատճառը, այլապես դժվար է հասկանալ, թե ինչու օրենքը ընդունվելուց աղմուկ չէր առաջանում»:

Hurryet Daily News-ը տեղեկացնում է, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պատժել է թուրք ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռզա Քայաալփին` հայերի և հույների հասցեին «ռասիստական մեկնաբանություններ անելու համար»: Թուրք ըմբիշը վեց ամսով զրկվել է որևէ մրցաշարի մասնակցելու իրավունքից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG