Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկով. «Ես դեմ եմ հայերին ոչնչացնելու կոչերին»


Ռուստամ Իբրահիմբեկով, օգոստոս, 2013թ․
Ռուստամ Իբրահիմբեկով, օգոստոս, 2013թ․

Ադրբեջանի ընդդիմության միասնական թեկնածուն հայտարարում է նաև, թե ջերմ աջակցության է արժանանում Թուրքիայից:

«Ես դեմ եմ հայերին ոչնչացնելու կոչերին», - հայտարարում է ադրբեջանական ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը:

Դրա հետ մեկտեղ, վրացական Georgian Times պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղում վերջին քսան տարում տեղի ունեցած իրադարձությունները Իբրահիմբեկովը որակում է որպես Ադրբեջանի դեմ հայկական իշխանությունների կողմից իրականացված ագրեսիա:

«Ես կտրականապես դեմ եմ ադրբեջանցիներին հայերի, իսկ հայերին` ադրբեջանցիների դեմ տրամադրելուն: Վաղ թե ուշ միջպետական այս հակամարտությունը կհանգուցալուծվի, իսկ ժողովուրդների մեջ թշնամանքը կարող է մնալ: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ հայերի կամ ադրբեջանցիների ոչնչացման մասին հայտարարություններին: Սա է պատճառը, որ պարբերաբար հայտարարում են, թե ես հայրենասեր չեմ», - նշում է Իբրահիմբեկովը:

Ադրբեջանցի գործչի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծեն ոչ թե պետությունների հատուկենտ ղեկավարները, այլ՝ ժողովուրդները:

«Ես միանշանակորեն համոզված եմ, որ Ադրբեջանի, ըստ ամենայնի՝ նաև Հայաստանի իշխանությունների համար ստեղծված իրավիճակը շատ ձեռնտու է: Նրանք խնդրի լուծման փորձերի իմիտացիա են ստեղծում, իսկ իրականում այս հակամարտությունը երկու կողմից էլ չվերահսկվող եկամուտների և իշխանության աղբյուր է հանդիսանում: Սա գործիք է, որ հնարավորություն է տալիս երկրում ցանկացած պահի ռազմական դրություն հայտարարել: Իշխանություններին այդ ամենը ձեռնտու է: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները պետք է մարդկանց նեղ շրջանակի բարձունքից իջեցնել ժողովրդի մակարդակին», - նշում է ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն:

Անդրադառնալով ուղիղ երկու ամսից` հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին, Իբրահիմբեկովը նկատում է, որ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ ադրբեջանցիները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ, այդ իսկ պատճառով էլ ոչ միայն չեն աջակցում ընդդիմությանը, այլև դադարել են շփվել իր հետ:

«Մոսկվաբնակ ադրբեջանցի մեծահարուստներին միավորող «Միլիարդատերերի ակումբի» անդամները` Արազ Աղալարովը, Աբբաս Աբբասովը, Վագիթ Ալեքփերովը, բոլորն էլ Իլհամ Ալիևի ընկերներն ու բարեկամներն են: [LUKOIL-ի ղեկավար] Ալեքփերովը նույնիսկ հայտարարեց, թե Իլհամ Ալիևը ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի բոլոր ադրբեջանցիների նախագահն է», - նշում է Ռուստամ Իբրահիմբեկովը:

Փոխարենը, ըստ Իբրահիմբեկովի, նա բավական ջերմ աջակցության է արժանանում Թուրքիայից: Պատճառը 2012-ի հունվարին իր կայացրած որոշումն էր` հրաժարվել ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանից` բողոքելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հայտնի օրինագծի դեմ:

«Իմ կարծիքով, այն ժամանակ շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, իմ ցավակցությունն եմ հայտնում թե՛ հայ ժողովրդին, թե՛ թուրքերին, քանի որ մեծ թվով մարդիկ են զոհվել: Ցեղասպանություն ձևակերպումը քննարկվում է, վիճելի է: Դա, սակայն, գիտնականների, քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց մի երկրում, որ ես միշտ համարել եմ ժողովրդավարության հայրենիք, ընդունել մի օրենք, որի համաձայն՝ ցեղասպանությունը չճանաչող ցանկացած մարդու կարելի է հետապնդել, անընդունելի է: Ի՞նչ է դա նշանակում, որ ես գալիս եմ Ֆրանսիա և ինձ կարելի է բանտարկել: Ես հրաժարվեցի այդ շքանշանից, և իմ այդ քայլը Թուրքիայում բարձր գնահատվեց: Տեսնենք, թե հետագայում ինչ տեսք կստանա Թուրքիայի աջակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG