Մատչելիության հղումներ

Օգոստոսի 9-ի մամուլ


Lragir.am-ի մեկնաբանը գրում է․ - «Օրերս հայ-թուրքական սահմանում տեղի ունեցավ միջադեպ՝ ռուս սահմանապահները գնդակահարել էին սահմանախախտ թուրք չոբանի: Թուրքիան հայտարարել էր, որ չոբանն անզեն է եղել: Ռուս սահմանապահները նշել էին, որ նա կրակել է իրենց վրա: Առայժմ սակայն ներկայացված չէ, թե ինչ զենքով է կրակել և ուր է զենքը: Մինչ այդ, հայ-թուրքական սահմանին չոբանների խախտումները «սովորական» բան են եղել և չեն ավարտվել գնդակահարություններով: Ահա այդ միջադեպից հետո, Ռուսաստանի նախկին դեսպանի միջոցով շրջանառության մեջ է դրվում, որ Ասոցացման համաձայնագիրը պարունակում է սահմանների պաշտպանության հարցերը Եվրամիության հետ համակարգելու դրույթ: Սա իհարկե շատ ընդհանուր ձևակերպում է, որովհետև սահմանային ընթացակարգ է նաև մաքսատունը: Ինչպես հայտնի է, Ասոցացման համաձայնագիրը ներառում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր, ինչն ուղղակի առնչություն ունի մաքսային ոլորտի հետ: Բնականաբար, առնվազն տարօրինակ կլիներ, եթե սահմանային ընթացակարգերն առնվազն այդ մասով չհիշատակվեին Ասոցացման համաձայնագրում: Բայց, Կովալենկոյի շուրթերով, Մոսկվան բնականաբար անհանգստանում է քաղաքական հեռանկարից՝ մտավախություն ունենալով, որ Ասոցացման գործընթացը հետագայում կարող է վեր հանել նաև Հայաստանի սահմանների հսկողությունից կամ պահպանությունից երրորդ երկրի ներկայացուցիչների հեռացման հարցը»:

Թեման շարունակում է «Առավոտ» օրաթերթը, որում կարդում ենք․ - «Երեկ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու օգոստոսի 13-ին: Այս իրավիճակում Հայաստանը, կարծես, կանգնում է Կրեմլի առջև դեմ առ դեմ: Մի կողմից Մեդվեդևը Վրաստանին բաց հայտարարում է, թե ինչ է սպասվում, եթե անդամակցեն ՆԱՏՕ-ին, մյուս կողմից Եվրասիական ինտեգրացիոն հրավեր է անում, ապա հիշեցնում «հանցագործ» Սաակաշվիլիի օրինակն ու Կրեմլի ընկալմամբ՝ «վրացական դասերը»․․․ Կրեմլի մեսիջները հստակ ուղղված են նաև պաշտոնական Երևանին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման նախաշեմին: Թե ինչպե՞ս կկարողանան դիմակայել Ռուսաստանի ճնշումներին Հայաստանի իշխանությունները՝ դժվար է կանխատեսել, բայց որ պարտավոր են դա անել՝ սա ևս միանշանակ է»:

«Ժողովուրդ» թերթն անդրադառնում է կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիներին․ - «Այդ ո՞ր իրավունքով է Սերժ Սարգսյանը որոշել իր մտերիմ ընկերոջ տնօրինմանը հանձնել հանրային տարածք համարվող և ՀՀ քաղաքացիների մուծած հարկերի հաշվին ասֆալտապատված փողոցները: Ի՞նչ է, Երևանը նրանց բոստա՞նն է, թե՞ պապենական կալվածքը: Առանց այդ էլ մայրաքաղաքի կենտրոնում մի մետր ազատ հողատարածք չթողեցին, հիմա էլ փաստորեն որոշել են փողոցներն իրենցով անել և երևանցուն իր իսկ տան մեջ տնվոր դարձնել: Վճարովի ավտոկայանատեղիներ, իհարկե, կան ամբողջ աշխարհում, բայց դժվար թե որևէ երկրում հնարավոր լինի տեսնել այնպիսի պատկեր, ինչպիսին մեզ մոտ, երբ կայանատեղիներից ստացվող եկամտի 70 տոկոսը գնա երկրի նախագահի ընկերոջ գրպանը, և միայն 30 տոկոսը՝ քաղաքային բյուջե: Բացի այդ, դրսում վճարովի ավտոկայանատեղիները կառուցվում են հատուկ տարածքներում և ոչ թե պարզապես փողոցներում: Եվ ամենակարևորը՝ վճարովի ավտոկայանատեղիների ամբողջ իմաստն այն է, որ դրանք ապահովում են այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը: Մինչդեռ մեզ մոտ, փաստորեն, Սերժ Սարգսյանի մանկության ընկերը ցանկանում է միայն փող քամել՝ փոխարենը ոչինչ չանելով»:

«Ժամանակ» օրաթերթը, մեկնաբանելով այն հրապարակումները, ըստ որոնց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տանն աշխատում են արտասահմանցի տնային սպասուհիներ, գրում է․ - «Հայաստանում կան հազարավոր ազնիվ մարդիկ՝ թե՛ երիտասարդ, թե՛ միջահասակ, որոնք կարող են աշխատել առանցքային համակարգերում և կարճ ժամանակ անց ուղղակի կերպարանափոխել երկիրը: Սակայն նման պայմաններում Գագիկ Խաչատրյանը, նրա օլիգարխ պաշտոնյա վերադասներն ու ստորադասները և մյուս բախտակիցները կզրկվեն ոչ միայն արտասահմանից սպասուհի բերելու հնարավորություններից, այլև ընդհանրապես տներից, դղյակներից ու շեյխական ունեցվածքից: Նրանք միգուցե իրենք կարիք կունենան մի քանի տարի հետո սպասավոր աշխատել այս կամ այն շնորհալի գործարարի օբյեկտում՝ օրվա հացի, ապրուստի խնդիրը հոգալու համար, եթե, իհարկե, մինչ այդ չհայտնվեն ճաղերի հետևում՝ մի ամբողջ հասարակության աղքատության և նվաստացման, անարժանապատիվ կյանքի շեմին հասցնելու և արտագաղթի տեսքով պարզապես գաղթ կազմակերպելու, հայրենազրկելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG