Մատչելիության հղումներ

Օբաման չեղյալ համարեց Պուտինի հետ հանդիպումը


Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ ամիս Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում չի պլանավորում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը այսօր ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու՝ Ռուսաստանի որոշումը լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում:

Հաջորդ ամիս Օբաման մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ քսանյակի տնտեսական գագաթաժողովին, որից հետո նախատեսվում էր նրա այցը Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին ասել է, որ չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանի կառավարությանը, հայտնելով, որ Օբամայի կարծիքով ավելի կառուցողական կլինի հետաձգել Պուտինի հետ հանդիպումը, մինչև ընդհանուր օրակարգում առաջընթաց կգրանցվի:

Սանկտ Պետերբուրգից Մոսկվա այցելելու փոխարեն Օբաման ծրագրում է Շվեդիա մեկնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG