Մատչելիության հղումներ

Ռեկտորները տարբեր կերպ են մեկնաբանում վարձավճարների բարձրացումը


Երևանի պետական համալսարանի կենտրոնական շենքը, արխիվ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական շենքը, արխիվ

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի բարձրացումը ռեկտորները տարբեր կերպ են բացատրում:

Օրինակ ԵՊՀ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողները նախորդ տարվա համեմատ այս տարվանից վճարելու են 100.000 դրամով ավելի:

Ռեկտոր Արամ Սիմոնայնն «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց, որ միայն այս կերպ հնարավոր է բարձրացնել դասախոսների աշխատավարձը և հավելեց, որ դժգոհ ուսանողների պահանջը համարում է անտրամաբանական, իսկ բարձրացված 100 հազար դրամը համարում է չնչին գումար մատուցվող ուսման դիմաց:

«Ուսումը չի կարող ձրի լինել: Եթե մենք պահանջում ենք միջազգային չափանիշներով որակյալ ուսուցում, բայց ասում ենք, այդ ուսուցումը պետք է լինի քիչ ֆինանսով՝ այդպիսի բան չի կարող լինել հասկանու՞մ եք, դա կլինի աճպարարություն է: Սա կբերի նրան, որ միջակությունը սկսի դասավանդել: Սա՞ են ուզում ուսանողները , եթե դա են ուզում՝ խնդրեմ, մենք դրան կգնանք »,- ասաց Սիմոնյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ բուհի տեխնիկական հագեցվածությունն ապահովելու համար են իրենք ստիպված բարձրացրել ուսման վարձավճարները: Լրագրողների դիտարկմանը, թե ռեկտորները հստակ պատկերացում չունեն ուսանողների լայն շրջանակների սոցիալական վիճակի մասին՝ Ավետիսյանն ասաց, որ ուսանողներն ու նրանց ծնողները բողոքողների շարքերում չեն:

«Ես ծնողից այդպիսի հարցադրում դեռ չեմ ստացել: Ձեզ որտեղի՞ց է թվում, որ դուք այդ ծնողի կամ ուսանողի մասին ավելի շատ եք մտածում՝ քան Ավետիսյան Արան: Այդ որտեղից ձեզ այդ հավակնությունը, որ դուք դարձել եք այսօր նրանց դատապաշտպանը»,- հետաքրքրվեց Ավետիսյանը:

Ագրարային համալսարանը պետական այն եզակի բուհերից է, որտեղ վարձավճարի բարձրացում չի եղել: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը հաճույքով կբարձրացներ վարձավճարները, սակայն այդ դեպքում ուսանողների մեծ մասը կզրկվի ուսում ստանալու հնարավորությունից:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն ստեղծվել են վարձավճարների բարձրացման դեմ հանդես եկող մի քանի խոշոր խմբեր: Վաղը նրանց մի մասը պատրաստվում են կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել:

ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան այդ նախաձեռնություններից մեկի համակարգողներից է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակտիվիստը փոխանցեց, որ իրենք բոլոր օրինական ճանապարհներով կանցնեն, նամակներ կուղարկեն ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին և մարդու իրավունքների պաշտպանին: Իսկ, եթե վարձավճարները չիջեցվեն՝ ապա պատրաստվում են հայտարարել համապետական ուսանողական անհնազանդություն, ընդհուպ մինչև դասադուլներ:

Այդպիսի նախաձեռնություններից մեկի կազմակերպիչներից է նաև Վահան Մարտիրոսյանը, ով չի կարծում, որ դասախոսների աշխատավարձի բարձրացման ու բուհի տեխնիկական հագեցվածության հարցը պետք է դրվի ուսանողի ուսերին: Վահանը նույնպես պատրաստ է իր աջակիցների օգնությամբ դասադուլներ կազմակերպել և ստիպել որոշումը կայացնողներին վերանայել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG