Մատչելիության հղումներ

Խոզերի անկման պատճառը դեռ պարզ չէ


Գյուղնախարարությունը սպասում է փորձանմուշների արդյունքների վերծանումներին:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում խոզերի անկման պատճառը դեռևս պարզ չէ: Գյուղատնտեսության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ հետագա քայլերի համար սպասում են անասնաբուժության տեսչության փորձանմուշների արդյունքների վերծանումներին:

Խոզերի անկման խոշոր դեպք գրանցվել էր Տավուշի մարզի Վազաշեն գյուղում: Վերջին երեք շաբաթների ընթացքում ավելի քան 150 խոզ է սատկել:

Բնակիչները թեև հստակ չգիտեն կենդանիների անկման պատճառը, սակայն համոզված են, որ հիվանդությունից է, այլապես համատարած բնույթ չէր կրի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղացիները պատմում էին, որ մարդիկ են եկել, արձանագրել են, տարածքները ախտահանել են, նաև խոստացել են, որ փոխհատուցում կտան:

Ի դեպ, գյուղացիներից շատերը խոզերը գնել էին գյուղատնտեսական վարկերի միջոցով: «Վարկ ենք վերցրել, առել, որ պահենք, մեր վարկերը փակենք, ապրենք: Մենք աշխատանք չունենք, գյուղ ա, ոչ մի բան չունենք, օգնություն չունենք», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Վազաշենը Ադրբեջանին սահմանամերձ գյուղ է, և այստեղ մարդիկ թեև մեծ հողատարածություններ ունեն, սակայն չեն կարող մշակել՝ հարյուրավոր հեկտարներով հողատարածքներ գտնվում են ադրբեջանական դիրքերի հսկողության տակ:

Վազաշենի բնակիչներն ասում են, որ կյանքը գյուղում շատ դժվար է, հողատարածքները չեն կարողանում մշակել, գործարան չկա, որ աշխատեն, գյուղում ընդամենը մի քանի աշխատատեղ կա՝ դպրոցում և գյուղապետարանում: Մարդիկ իրենց հիմնական ապրուստը հոգում են վարկերով վերցրած կենդանիներ պահելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG