Մատչելիության հղումներ

Հրապարակվեց «Էրգենեկոն»-ի գործով դատավճիռը


Դատապարտյալներին դատարան էին բերում իրավապահների խստագույն հսկողության ներքո:
Դատապարտյալներին դատարան էին բերում իրավապահների խստագույն հսկողության ներքո:
Այսօր՝ ավելի քան 5 տարի տեւած աղմկահարույց դատավարությունից հետո թուրքական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղին, ինչպես նաեւ տասնյակ այլ գեներալների, պատգամավորների ու լրագրողների՝ տարիներ առաջ Ռեջեփ Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջում նախապատրաստելու համար:

Փորձագետները պատմական են որակում այս դատավճիռը՝ փաստելով, որ ՆԱՏՕ-ի կազմում իր զինվորների թվով միայն ԱՄՆ-ն զիջող թուրքական բանակը հետզհետե տեղի է տալիս իսլամիստական արմատներ ունեցող կառավարության առջեւ: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս տասնամյակներ առաջ նույն բանակը երկրում անարգել իշխանափոխություններ էր իրականացնում եւ կուլիսներում գաղտնի թելադրում Թուրքիայի քաղաքական օրակարգը:

Էրդողանի կառավարությունը պնդում է, թե այս անգամ ևս զինվորականությունը, տարբեր ոլորտներում հեղինակություն վայելող գործիչների հետ համատեղ, ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է ստեղծել և մի շարք սպանություններ ու պայթուններ ծրագրել՝ երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու եւ կառավարության դիրքերը խարխլելու համար:

Մեղադրական ծավալուն եզրակացության համաձայն, հենց այս՝ «Էրգենեկոն» անվանումը կրող խմբավորումն է տարիներ առաջ պատվիրել «Ակոս»֊ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ու անգամ մահափորձ ծրագրել նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեմ:

Գործով անցնող մոտ 300 ամբաստանյալներից որևէ մեկը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, այդուամենայնիվ, այսօր արդարացվեցին նրանցից ընդամենը 20-ը, մյուսները մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ցմահ կամ 6-50 տարվա ազատազրկման:

Աղմկահարույց այս դատավարությանը առավոտից հետևում էին արևմտյան գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ փաստելով, որ այս գործը երկու բևեռների է բաժանել Թուրքիան: Մի կողմում վստահ են, որ սա աննախադեպ հնարավորություն է բանակը քաղաքականությունից տարանջատելու և կուլիսներում տարիներ շարունակ հեղափոխություններ ծրագրող զինվորականությանը պատժելու համար:

«Բանակի ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների համար անպատժելիությունն ու ամենաթողությունը սովորական բան էր դարձել Թուրքիայում, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր քաղաքական սպանություններին ու ազատազրկման վայրերում անհետացող մարդկանց, որոնց ճակատագրերի համար որևէ մեկը պատասխան չէր տալիս», - «Բի-Բի-Սի»-ին ասել է փորձագետ Հանդե Օզնաբեսը:

Հակադիր ճամբարում, մինչդեռ, պնդում են, թե «Էրգենեկոն»-ն ընդամենը քաղաքական ենթատեքս ունի եւ գործիք է էրդողանի ձեռքում՝ իր ընդդիմախոսներին չեզոքացնելու և լռեցնելու համար:

«Սա Էրդողանի դատն է, նրա բեմադրած թատրոնը», - «Ռոյթըրզ» գործակալությանն ասել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ումու Օրանը և պնդել, թե որևէ ապացույց դատարանում ամբաստանյալների դեմ չի ներկայացվել:

«Այսօր ցանկացած լրագրող, ով փորձում է կասկածի տակ առնել՝ ինչի վրա է հիմնված այս դատավարությունը, կորցնում է իր աշխատանքն ու կանգնում դատարանի առջև, ինչպես ես», - իր հերթին «Բի-Բի-Սի»-ին ասել է լրագրող Ահմեդ Սիկը, ով ևս մեղադրվում է «Էրգենեկոն»-ի գործով:

Զինվորականության ու մտավորականության դեմ հերթական այս դատավճիռը քննադատելու համար այսօր վաղ առավոտից հազարավոր մարդիկ ճանապարհ էին ընկել՝ Ստամբուլից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող հատուկ նշանակության այս դատարան հասնելու համար: Տեղական լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները, կասեցվել է տրանսպորտի աշխպատանքը, իսկ նրանք, ովքեր այդուամենայնիվ ոտքով կտրել-անցել են այդ ճանապարհը, հանդիպել են ոստիկանների բիրտ դիմադրությանը: Աղմկահարույց դատավճիռն ի վերջո ընթերցվեց խուլ արվարձանում, փակ դռների հետևում ու ոստիկանների խիստ հսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG