Մատչելիության հղումներ

Օգոստոսի 3-ի մամուլ


«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Լրագրողը հարցնում է.- «Քաղհասարակությունը վերջին ամիսներին աննախադեպ ակտիվացել և որոշակի հաղթանակներ է գրանցել (ի դեպ, որին նաև Ձեր աջակցությունը հայտնեցիք Դուք), մինչդեռ կուսակցությունները կարծես ընդհատակ են անցել, չեք կիսո՞ւմ քաղաքացիական ակտիվ զանգվածի տեսակետն այն մասին, որ քաղաքական կուսակցությունների գոյությունը մեր երկրում այլևս արդարացված չէ, դրանք անիմաստ կառույցներ են»: Մանուկյանը պատասխանում է.- «Ոչ, ճիշտ չէ: Ընդհանրապես ամբողջ աշխարհում հիմա փոփոխություններ են կատարվել, և քաղաքական դասական կուսակցությունները ճգնաժամ են ապրում: Կազմակերպման նոր ձևեր առաջացան, որոնք, ինձ թվում է՝ կուսակցական հարցում դժվար թե օգնեն: Խոսքը համացանցային ձևերի մասին է, օրինակ, հակագլոբալիստները, որոնք միմյանց հետ կապվում են միայն «Ֆեյսբուքով», չունեն մշտական կառույց, իրենք կարողանում են հավաքվել ցանկացած տեղ և ցույցեր կազմակերպել բոլոր այն վայրերում, որտեղ քսան խոշոր երկրների ղեկավարները հավաքվում են: Ոմանք, որոշ մասնագետներ դրսում կարծում են, որ դա է ապագան, ես նրանց հետ համաձայն չեմ, բայց նաև կարծում եմ, որ կուսակցության գաղափարը որոշ դեպքերում կվերափոխվի: Մի բան հստակ է, որ հին կուսակցությունների ձևերն իրենց սպառել են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Թեպետ Հայաստանում, եթե անգամ հին կուսակցություններով գեղական ձևով պայքարենք, էլի նորմալ է»։

Ուղեվարձի շուրջ ծավալված վերջին աղմկոտ իրադարձությունների շուրջ «Առավոտ» օրաթերթը զրուցել է փորձագետ Գագիկ Համբարյանի հետ. - «Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տրանսպորտի գնի թանկացման կամ էժանացման հարցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դերակատարությունը բացարձակապես չի տեսնում: Ըստ նրա՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ տրանսպորտային, ինչպես նաև մի շարք այլ հարցեր լուծվում են Բաղրամյան 26-ում: Իսկ տվյալ պարագայում այդ նույն Բաղրամյան 26-ում չէին կարող զիջողությունների չգնալ, որովհետև սա վտանգ պարունակող հարց է, սոցիալական բունտի թեմա: «Ո՞վ է օգտվում հիմա ավտոբուսներից կամ միկրոավտոբուսներից՝ քիչ թե շատ գոյություն ունեցող միջին խավը և չունևորները: Ունևոր խավը կամ միջին խավի մի զանգված օգտվում է իր սեփական մեքենաներից: Այնպես որ՝ էստեղ Տարոն Մարգարյանի մեղքը շատ քիչ է, հարցերը լուծվում են վերևներում, իսկ Տարոն Մարգարյանը այս պարագայում պետք է կատարեր վերևներից ընդունած որոշումները»,- ասում է քաղաքագետը: Ըստ նրա՝ աբսուրդ է այն, որ գազի գինը բարձրանում է 30 տոկոսով, իսկ տրանսպորտի գինը բարձրանում է միանգամից 50 տոկոսով.- «Եթե էստեղ բերում են պատճառ, որ մեքենաների մասերն են թանկանում, թող գինը ընթացքում թանկացնեին, երբ որ մասը թանկանում էր: Զավեշտը հենց այն է, որ գազը թանկանում է 30 տոկոսով, տրանսպորտի գինը` 50 տոկոսով: Էլի եմ կրկնում՝ եթե մասերը թանկանում էին, 1.5-2 տարի առաջ թող կամաց-կամաց տրանսպորտի գինն էլ բարձրացնեին` 100-ից դարձնելով 110-120 դրամ, թող հիմարի տեղ չդնեն ժողովրդին: Ի՞նչ կապ ունի մասը գազի գնի թանկացման հետ: Դա՝ մեկ, երկրորդը` իսկ մեր գծատերերը համապատասխան որակի տրանսպորտային միջոցներ ու ծառայություններ տրամադրո՞ւմ են քաղաքացիներին, որ պահանջում են էդ գումարը: Այսինքն՝ ունենք հետևյալը. 100 դրամով էլ միկրոավտոբուսի մեջ 25 հոգի էին նստում, 150-ով էլ կնստեն»,- ասում է Համբարյանը։ Վերջինիս բնութագրմամբ՝ Եվրոպա ձգտող մայրաքաղաքի տրանսպորտը խայտառակ վիճակում է: «Զարմանում եմ Երևանի միկրոավտոբուսների որակից ու մակարդակից, ասում են՝ եվրոպացի, եվրոպացի, էդ ի՞նչ վիճակ է Երևանում, վերջիվերջո կարելի է, չէ՞, զարգանալ մի քիչ` տեսնելով Թբիլիսին կամ բարի նախանձով նայել Բաքվին: Ես չեմ ասում՝ համեմատվենք Լոնդոնի կամ Փարիզի հետ, հո ամեն ինչը գերշահույթ ստանալով կամ գրպանները լցնելով չի՞: Վերջիվերջո թող համապատասխան մակարդակի ծառայություն մատուցեն, հետո նոր մտածեն գները բարձրացնելու մասին»:

«Հայոց աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է.- «Առաջին կիսամյակի տնտեսական աճի միտումները սկսել են անհանգստացնել նաև կառավարությանը։ Իսկ դրա համար հիմքեր անշուշտ կան։ Հատկապես երկրորդ եռամսյակի ընթացքում նկատվում է տնտեսական ակտիվության դանդաղում։ Կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվությունը ընդամենը 4,4 տոկոս է։ Այն դեպքում, երբ մի պահ հասնում էր 9 տոկոսի։ Որ տնտեսական ակտիվության դանդաղումը սկսել է մտահոգել կառավարությանը, վկայում է նաև գործադիրի անցած նիստում վարչապետի արած հայտարարությունը։ Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կառավարության անդամներին իրենց ղեկավարած ոլորտներում իրականացնել վերլուծություններ և վեր հանել տնտեսական աճին խոչընդոտող երևույթները։ Կառավարության արդեն հաջորդ նիստում նախատեսվում է քննարկել նախարարների ոլորտային վերլուծությունների արդյունքները։ Գործադիրն ակնհայտորեն շտապում է։ Եվ դա պատահական չէ, քանի որ տնտեսական աճի ցուցանիշները բարելավելու համար ժամանակը սուղ է։ Նամանավանդ դրանք շատ դեպքերում կապված են լուրջ կառուցվածքային փոփոխությունների, ֆինանսական միջոցների, արտաքին շուկաների և ընդհանուր տնտեսական դաշտից թելադրված խնդիրների հետ։ Իսկ դրանց լուծումը երբեմն տևական աշխատանք ու ժամանակ է պահանջում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG