Մատչելիության հղումներ

Հեռախոսահամարների տեղափոխումը «սակագնի բարձրացման չի հանգեցնի»


Հունվարի 1-ից, եթե բաժանորդը զանգահարի ոչ իր ցանցի բաժանորդի, կլսի մեկ վայրկյանանոց ազդանշան, որով էլ կկողմնորոշվի, որ այլ ցանցի բաժանորդի է զանգահարել, քանի որ հունվարից այլևս գործող կոդերով կողմնորոշվել չի լինի:

Այսինքն, 091, 055 կամ 077 թվանշաններով սկսվող հեռախոսահամարները պարտադիր չէ, որ պատկանեն այն օպերատորներին, որոնց պատկանում են այսօր: Բաժանորդը կարող է փոխել օպերատորին պահպանելով իր հեռախոսահամարը:

Հեռախոսահամարների տեղափոխումը բաժանորդի համար անվճար է լինելու և դրանից օգտվելու բաժանորդի իրավունքը օպերատորները որևէ կերպ չեն կարող սահմանափակել: Այս կարգը սահմանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը հուլիսի 17-ին հաստատեց հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայության ներդրման կարգը և կանոնները:

Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը փոխանցեց, որ Հայաստանում ներդրվելու է իսպանական մոդելը, որը առավելագույնս է համապատասխանում Հայաստանի պահանջներին:

Հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը արդեն երկու տարի է գործում է Վրաստանում, սակայն առնվազն առայժմ իրեն չի արդարացրել, քանի որ բոլոր օպերատորների բաժանորդային բազայի ընդամենը 0,5 տոկոսն է օգտվել ծառայությունից:

«Կարծում եմ այս ծառայության պահանջարկը կա և սա լուրջ խթան կլինի ծառայությունների մատուցման որակի բարձրացման առումով»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:

Ըստ կանոնակարգի, ստեղծվելու է մի մարմին, որն իրականացնելու է հեռախոսահամարների տեղափոխելիության գործընթացը: Այն ֆինանսավորվելու է այժմ Հայաստանում բջջային կապ ապահովող երեք օպերատորների կողմից: Օպերատորները նաև ներդրումներ պետք է կատարեն համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու համար: Հարցին, թե որքանո՞վ արդարացված կլինեն այդ ներդրումները և հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում օպերատորները բարձրացնեն սակագները իրենց կատարած ներդրումները վերադարձնելու համար, Սամվել Արաբաջյանը պատասխանեց․ - «Ընկերության ողջ շրջանառության ծավալի մեջ այդ ներդրումներն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ անուղղակի կամ չորրորդական պատճառ չեն կարող հանդիսանալ սակագների բարձրացման համար: Միանշանակ, հետագայում դրանք սակագների բարձրացման չեն բերի»:

Ըստ մոտավոր հաշվարկների՝ «Օրանժ Արմենիա»-ն 1 միլիոն դոլարի ներդրում պետք է կատարի նոր համակարգի գործարկման նպատակով, որը կազմում է օպերատորի հասույթի երկու տոկոսը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Օրանժ Արմենիա»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը: Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ն, որ ներդրումներն իրենց չեն արդարացնի, ինչպես եղավ Վրաստանում, Մարտիրոսյանը պատասխանեց.- «Տարբեր երկրներում տարբեր է փորձը, մի երկրում հեռախոսահամարների 20 տոկոսը տեղափոխվել է, մյուսում 5 տոկոսը չի անցել: Ամեն դեպքում, սա լրացուցիչ ազատություն է տալիս սպառողին, այդ տեսանկյունից չի կարելի ասել, որ ներդրումներն արդարացված չեն»:

«Որպեսզի չհայտնվենք Վրաստանի վիճակում պետք է շատ լավ պատրաստվենք և ընդունվեն այն իրավական ակտեը և նորմատիվ բազան, որոնք կնախատեսեն բոլոր խնդիրները, որոնք բաժանորդը կարող է ունենալ», - ասաց «Բիլայն»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը գործում է տարբեր երկրներում և հավելյալ ծառայություն է, որը մատուցվելու է բաժանորդներին: Հարցին՝ արդյոք բաժանորդների կողմից այս ծառայության մեծ պահանջարկ կա՞ր, Անուշ Բեղլոյանը պատասխանեց․-«Դժվար է որևէ դատողություն անել, քանի որ մեր դիտարկումով բաժանորդները դեռևս շատ քիչ գիտեն այդ ծառայության մասին: Եթե դա պետության որոշումն է, մենք չենք կարող կարծիքներ հայտնել, մենք դա կանենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG