Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները կրկին պահանջում են վճարել աշխատավարձը


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հեթրական բողոքի ցույցն անցկացրին Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը:

Առավոտյան ժամը 8-ից «Նաիրիտ» գործարանի մոտ մեկնարկած երթով Բաղրամյան 26 հասած ցուցարարները պնդում էին, որ չնայած էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոստմանը, թե մինչև հուլիսի 19-ը աշխատավարձերը կվճարվեն, իրենք ոչինչ չեն ստացել:

Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունից «Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանին հայտնեցին, որ մինչև հուլիսի ավարտը գործարանի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձերը, իսկ մինչև մյուս ամսվա վերջը նրանց կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Ինչ վերաբերում է «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրին, ապա, ըստ Թադևոսյանի, այս մասով կոնկրետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նա ցուցարարներին հայտնեց, որ «Ռոսնևտ» ընկերությունից ստացվել են մեծ ծավալի փաստաթղթեր, որոնք պետք է լրացվեն․ - «Բայց ոչ մեկը այսօր չի կարող ասել՝ «Նաիրիտ»-ը վաղը կամ սեպտեմբերին, կամ հոկտեմբերին առնելու են: Դա կախված է ռուսական կողմից»:

Այս տեղեկությունը հարուցեց ցուցարարների վրդովմունքը: Նրանք պնդում էին, թե սա հերթական խաբեությունն է:

Հիշեցնենք, որ արդեն 3 տարի է, ինչ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գտնվում են այս վիճակում․ գործարանը նորմալ չի աշխատում, մոտ 3000 աշխատակիցներ հարկադիր պարապուրդի մեջ են:

Գործարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «նվիրյալ աշխատողները», այդուհանդերձ, գալիս են գործարան ու աշխատում, քանի որ, նրա պնդմամբ՝ «պայթյունավտանգ է» կանգնեցնել ու հետո կրկին աշխատեցնել «Նաիրիտ-֊ը:

Ցուցարարները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն, տեղի տալով ոստիկանների հորդորներին, որոշեցին այսօր դադարեցնել բողոքի ակցիան, եւ շարունակել այն վաղը՝ արդեն «Նաիրիտ» գործարանի դիմաց:
XS
SM
MD
LG