Մատչելիության հղումներ

Հայաստանը «պետք է վերանայի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
Պաշտոնական Երևանը պետք է վերանայի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության հարցը, եթե Ռուսաստանը շարունակի հարաբերություններն այսպես կառուցել իր ռազմավարական դաշնակցի հետ, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դատապարտելով առանց որևէ դատաքննության Հայաստանի քաղաքացու, նախկին ազատամարտիկի նման թիրախավորումը:

«Եվ եթե այսպես շարունակվի, սա հակառուսական չէ, սա հայաստանյան անհրաժեշտություն է: Եթե ռազմավարական դաշնակիցը միլիարդներով զինատեսակներ ուղարկում է այն պետությանը, որն ուզում է ջնջել Հայաստան անունը, Արցախ անունը քարտեզից, այդ գործընկերությունը արդեն ռազմավարական չէ: Հայաստանը պետք է վերանայի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և կազմակերպությանը վերաբերի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Պետք չէ քավության նոխազ դարձնել ռուսական լրատվամիջոցները, ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդգծելով, թե առաջին հերթին Հայաստանի իշխանություններին է մեղադրում այս իրավիճակի համար: Նույնը գազի թանկացման դեպքում, որին վաղը հաջորդելու է տրանսպորտը: Հովհաննիսյանի կարծիքով, դա միանգամայն հնարավոր էր կանխել, եթե օրինակ, բիզնեսն ու իշխանությունը տարանջատված լինեին․ - «Դա ռազմավարական դաշնակցի բանը չէ, ես քննադատում եմ Ռուսաստանին այդ քայլին դիմելու համար, բայց դատապարտում եմ մեր գործող իշխանությաներին, որոնց ես չեմ ընդունում՝ մեր օրենքից դուրս իշխանություններին, որ իրենք թույլ տվեցին այդ իրավիճակը»:

Նախագահի նախկին թեկնածուն պետությունը տեսնում է կործանման եզրին՝ կոչ անելով քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին մինչև անկախության 22-րդ տարեդարձը՝ սեպտեմբերի 21-ը, համազգային հավաք կազմակերպել:

«Որքան էլ ես համարում եմ, որ փետրվար 18-ին կատարվեց ընտրագողություն, պետական հանցագործություն, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում, որ ով ուզում է գալ, կլոր սեղանի շուրջ քննարկել այս կործանիչ վիճակից դուրս գալու ուղիները, ես պատրաստ եմ դրան: Ժամկետներ դնել չեմ ուզում, ոչ էլ վերջնագիր առաջարկել չեմ սիրում: Բայց կարծում եմ, որ ով պատրաստ է, պետք է գիտակցի վիճակի ծանրությունը, արտագաղթի խորացող տեմպերը, ժողովրդագրական տագնապը և վերանայի իր մոտեցումները», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Եթե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը սեպետեմբերին հանդես կգա հանրային առաջարկով: Ընդդիմադիր գործիչը համաձայն չէ այն պնդումների հետ, թե նահանջել է, ասաց՝ ընդհատակ չի անցել, Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո հինգ մարզում եղել է, այսօր էլ կայցելի Գյումրի և Վանաձոր, վաղը՝ Արմավիր և Աշտարակ՝ ծրագրելով առաջիկա շաբաթներին ավարտել այս կազմակերպչական աշխատանքները:

«Մենք կնախապատրաստվենք ոչ թե հերթական առեղծվածային թեժ աշնանը, այլ այդ համապետական աշնանը, որ անհրաժեշտ է: Ես կարծում եմ, որ այս աշնանը ոչ թե հատվածապաշտ, այլ համազգային հեղափոխություն պետք է տեղի ունենա, եթե չենք ուզում, որ այսպես շարունակվի», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Ոչ այս իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը հինգ տարի չեն ձգելու, այսօր դարձյալ համոզմունք հայտնեց «Ժառանգության» ղեկավարը, շեշտելով, որ դանակը հասել է ոսկորին եւ դա առաջինը՝ իշխանություններին է վերաբերում․ - «Դրա համար ես որեւէ բան չեմ խնդրում, ակնկալիք էլ չունեմ՝ իմ սեփական փորձից ելնելով: Բայց ինչը որ ես եմ տեսնում, թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, հուշում են, որ արտահերթ լուծում է պետք: Եվ բարձրագոչ չէ, ոչ էլ իմ ցանկացածն է հեղափոխությունը, բայց ես կարծում եմ, որ այսպես ուղղակի մենք չենք կարող»:

«Ժառանգության» առաջնորդը աջակցում է ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը, դեմ չէ նաեւ, որ Երեւանը դիտորդական ներկայություն ունենա Եվրասիական մաքսային միությունում: Միեւնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է Հայաստանի իշխանություններից հրապարակել Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթուղթը, քանի որ մտավախություններ ունի․ - «Եթե այս պիտի օգտագործվի որպես գործիք Հայաստանի վրա ճնշելու Արցախում զիջումներ կատարելու համար, ոչ: Եվ դրա համար ես կողմնակից եմ և առաջարկում եմ նույնպես, որ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման զուգահեռ, եթե ոչ դրանից առաջ, մենք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր տարածքային ամբողջականությամբ: Որովհետեւ եթե այդտեղ դրված է, որեւէ բան, որը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, այդ թվում տարածքային ամբողջականությանը, ուրեմն այդ տարածքային ամբողջականությունը պետք է վերաբերի նաեւ նորագույն պետություններին, այդ թվում Արցախին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG