Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատանքում դեռեւս «լուրջ անելիքներ» է տեսնում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ընթացքում նախագահին զեկույցներ են ներկայացվել 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթները մեկ անգամ ևս վկայում են, որ թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա:

Ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, Սերժ Սարգսյանը նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:

«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում»,- ասել է Հանրապետության նախագահը:

Խորհրդակցության ավարտին նախագահը համոզմունք է հայտնել, որ ՊԵԿ-ի այսօրվա մոտեցումները անկասկած հնարավորություն են տալու համակարգի առջև դրված խնդիրները լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG