Մատչելիության հղումներ

Ազգային պլատֆորմը իշխանություններին կոչ է անում «բաց երկխոսել»


Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր հրապարակած հայտարարությունում Հայաստանի իշխանություններին կոչ է անում բաց երկխոսել հասարակության հետ։

Փաստաթուղթը վերաբերում է Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը՝ մասնավորապես Արևելյան գործընկերության ծրագրին։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, Ազգային պլատֆորմի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ գուցեև որոշ չափով Ռուսաստանի կողմից ճնշումն է Հայաստանի իշխանությունների պասիվ գործելակերպի պատճառը։

«Միգուցե որոշ չափով մենք այստեղ տեսնում ենք քաղաքական վերնախավի կողմից ինչ-որ զգուշավոր վերաբերմունք: Այսինքն, եթե շատ խոսեն եւ շատ երջանիկ թվան Ասոցիացման պայմանագիրը նախաստորագրելուց առաջ, միգուցե դա նեղացնի մեր ռազմավարական գործընկերոջը», - մեկնաբանում է Բրիս Նավասարդյանը, - «Այդպիսի բաներ շատ հնարավոր են, այսինքն՝ այդ զգուշավոր քաղաքականությունը, հանրության հետ չկիսվելու ավանդույթը, ցավոք, Հայաստանում կա, եւ եթե այդպես շարունակվի, երեւի արդյունավետ չի լինի Ասոցացման համաձայնագրի դրույթների կատարումը, քանի որ այն ենթադրում է հանրության ակտիվ մասնակցությունը»:

Եվրամիություն-Հայաստան համագործակցության ծրագրի իրականացման գործընթացում ներառված Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև կոչ են անում Հայաստանի իշխանություններին իրականացնել եվրոպական արժեքներին համահունչ քաղաքականություն և հրաժարվել միջազգային պարտավորությունների իմիտացիոն իրականացման գործելակերպից։

Ազգային պլատֆորմի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք, հանդես գալով Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման օգտին, այսուհանդերձ որոշակի մտահոգություններ ունեն։ Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների կարծիքով, հայաստանյան հասարակությունը հիմնականում տեղյակ չէ, թե ինչ համագործակցության մասին է խոսքը և ինչ կտա այն Հայաստանին ու իրենց։

«Մի կողմից մենք ստորագրում ենք տարբեր բարեփոխումներ ենթադրող փաստաթղթերի տակ, բայց պրակտիկ կյանքում շատ քիչ փոփոխություններ կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Նավասարդյանը, - «Եթե փաստաթղթերը ստորագրվում են, բայց կյանքը չի փոխվում, դա, ինչ-որ տեղ, նաև փաստաթղթերի բովանդակության նկատմամբ անվստահություն է առաջացնում»:

«Եվրոպական միության հետ համագործակցության շուրջ Հայաստանում ընթացող քննարկումները մակերեսային են, գերակայությունների մասին խեղաթյուրված են պատկերացումները, գոյություն ունի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված արտաքին քաղաքական հակասությունների անհարկի շեշտադրում», - ասված է պլատֆորմի հայտարարությունում։

Նավասարդյանն ասում է, որ «կամ Եվրամիություն կամ Ռուսաստան», «և՛ Եվրամիություն, և՛ Ռուսաստան վերացական բանաձևերը» հասարակության ուշադրությունը շեղում են Եվրամիության հետ համագործակցության բուն էությունից։

Ազգային պլատֆորմի կոչը ուղղված է նաև Եվրոպական կառույցներին։ Այն պահանջում է սկզբունքայնություն դրսևորել եվրոպական արժեքներին հետևելու հարցում։ Նավասարդյանը նշում է, որ իրենք նկատի ունեն այն, որ եվրոպական կառույցները պետք է նախաձեռնողականություն դրսևորեն Հայաստանը եվրոպական չափորոշիչներից հեռացնող խնդիրների հաղթահարման հարցում։

Պլատֆորմի այսօրվա քննարկմանը մասնակցում էին ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն և Հայ ազգային կոնգրես կուսակցություններից։ Դաշնակցության և ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց հերթին որոշակի մտահոգություններ ներկայացրեցին։

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ իրենք կողմ են եվրաինտեգրմանը, միևնույն ժամանակ որոշակի վերապահումներ ունեն. մասնավորապես Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Եվրամիության առաջարկի արհամարհումը իշխանությունների կողմից․ - «Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը՝ այդ մասին ընդհանրապես խոսք չեղավ այս վերջին այցելության ժամանակ: Մենք ունենք որոշակի վերապահումներ, որ նման գործելաոճը կարող է շարունակվել»:

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը անդրադարձավ Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ ծագած հարցերին։ Նա նշեց, որ այս հարցում հակասական հաղորդագրություններ են հնչում Ռուսաստանի կողմից․ - «Ճիշտ է, որ հակասական որոշ մեսիջներ կան Ռուսաստանից կամ Եվրասիական միության հետ կապված, բայց ինչ-որ տեղ նաեւ պետք է հստակեցվի, թե այդ հակասությունները նաեւ ինչի արդյունք են: Իսկապես չի՞ որոշել Ռուսաստանը, թե՞ տարբեր աշխատելաոճի խնդիր է՝ մեկ կողմից ասել, որ խնդիր չկա, բայց մյուս կողմից ամեն ինչով զգացնել տալ, որ չէ՝ պետք է, որ Հայաստանը կողմնորոշվի»:

Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք համաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG